Անտառային հրդեհները կանխարգելելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը մեկնարկել է հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ։

«ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը հունիսի 22-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է լայնածավալ հանրային իրազեկման միջոցառումներ՝ անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման և հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով։

Բնության գրկում քաղաքացիների հաճախակի ժամանցով պայմանավորված՝ ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերը։

Միջոցառումների շրջանակում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումները հունիսի 22-ից 24-ն անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացրել են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, քարոզչական բնույթի աշխատանքներ, հերթապահություններ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսերով շրջիկ իրազեկում։ Ընդհանուր առմամբ աշխատանքներ են ծավալվել 401 օբյեկտների, հանրային վայրերի հարակից տարածքներում և անտառամերձ հատվածներում․ փակցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 642 պաստառներ:

Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են․ իրազեկման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարարական ծառայողներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր:
Հնարավոր հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացման աշխատանքներում փրկարարներին աջակցում են նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները։ Միաժամանակ աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Փրկարար ծառայությունն ակտիվ համագործակցում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նշված տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և քաղաքացիների շրջանում զգոնության բարձրացման վերաբերյալ:

Հարկ է նշել, որ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում ջերմային ֆոնի բարձրացմամբ պայմանավորված՝ անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում մոտ 6639 օբյեկտների, հանրային վայրերի մերձակա տարածքներում և անտառամերձ հատվածներում իրականացրել են լայնածավալ հանրային իրազեկման միջոցառումներ․ մարդաշատ վայրերում փակցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 11751 պաստառներ, իրազեկման աշխատանքներին ներգրավվել են մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, հրշեջ-մարտական հաշվարկներ և փրկարարական ծառայողներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

155