Այսօր կառավարության նիստին որոշում կայացվեց՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծը և ասաց, որ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է Արմավիր համայնքում «Թումո ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում ստեղծել «Թումո» կենտրոն, որը հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:
«Կենտրոնի համար նախատեսված է ծախսել մոտ 530 միլիոն դրամ, և դա կլինի Հայաստանում առկա «Թումո» կենտրոններից մեկը՝ Արմավիրում»,-ասաց նախարարը և նշեց, որ մինչև 2026 թվականը գործընթացի արդյունքում շուրջ 3800 երեխա կհաճախի կենտրոն: