Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը նախաձեռնել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազիֆիկացման ծրագրի ներառումը գազամատակարարման պետական ծրագրերում։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Սա հնարավորություն կտա ապահովել թաղամասի ամբողջական գազիֆիկացումը։

Նախագծի հիմքում է թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնումը՝ շուրջ 50 կմ երկարությամբ գազատար խողովակաշար կառուցելու միջոցով։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 875,9 մլն ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Գործողությունների իրականացման համար Երևանի քաղաքապետարանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն ստանալու նպատակով։

Նախագծով նախատեսվում է գազամատակարարման ցանցի ընդլայնում, որը ներառում է թաղամասի բոլոր փողոցներում գազատար խողովակների անցկացում՝ բնակիչներին գազամատակարարման լիարժեք հասանելիություն ապահովելու նպատակով։

Նախագծի իրականացմամբ Նոր Խարբերդ թաղամասը կդառնա ամբողջությամբ գազիֆիկացված, ինչը կբարելավի բնակիչների կենցաղային պայմանները և կավելացնի էներգետիկ հասանելիությունը։

Ծրագիրը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։

 

256