Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չվերականգնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ վերականգնել դրանք միայն «հստակ պայմանների» առկայության դեպքում։
Մասնավորապես՝ տասը միջազգային կազմակերպություններ ԵԽԽՎ-ին ուղարկված նամակում պնդել են, որ Ալիևի վարչակազմը չի համագործակցում միջազգային մեխանիզմների հետ, չի անդրադառնում մարդու իրավունքների համակարգային խախտումներին և վերջին մեկ տարվա ընթացքում հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։
Նամակի հեղինակները, այդ թվում՝ Freedom Now-ն, Human Rights House-ը և Human Rights Watch-ը, ընդգծում են, որ ադրբեջանական պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն նախ պետք է անհապաղ ազատ արձակի բանտարկված քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։
«Մենք՝ վերոնշյալներս, ևս մեկ անգամ կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հաստատել Ադրբեջանի լիազորությունների կասեցումը 2025 թվականի հունվարյան նստաշրջանում և մշակել դրանց վերականգնման հստակ և չափելի չափանիշներ»,- նշված է նամակում։
2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն որոշել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Այս որոշմամբ ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ին կասեցվել է առնվազն մեկ տարով։
Բաքուն այս կազմակերպությանն անդամակցում է 2001 թվականի հունվարի 25-ից։ ԵԽԽՎ-ն իր աննախադեպ որոշման մեջ նշել է մի շարք պատճառներ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա ծանր հետևանքները։
Հատկանշական է, որ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան այցով Իտալիայում է։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ հունվարի 26-ին Մյունխենում կսկսվի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորների դատավարությունը, որոնք մեղադրվում են Ալիեւի ռեժիմի հետ կոռուպցիոն կապերի մեջ։