
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ: Այդ մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ շուտով այն կհրապարակվի:
«Կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի՝ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղությունը, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- ասաց Միրզոյանը:
Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ օրակարգը, գործընկերության խորացման հեռանկարները և այս համատեքստում՝ աջակցությունը Հայաստանի ջանքերին: