
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
Մեր զրուցակիցը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ, ԵՊԲՀ Ընդհանուր ստոմատոլոգիայի գծով կլինիկական օրդինատուրայի ուսանող Վրեժ Խուդավերդյանն է:
Երբ սիրում ես մասնագիտությունդ, փոխվում է այդ բառի իմաստը, այն դառնում է ապրելակերպ, իսկ արդյունքը՝ հաճույք։ Այս կարգախոսով է մեր այսօրվա զրուցակից, սկսնակ ատամնաբույժ Վրեժ Խուդավերդյանն իրականացնում իր մասնագիտական աշխատանքը, իր խոսքով՝ մարդկանց գեղեցիկ ժպիտ պարգևելը օրվա հիանալի ավարտի գրավականն է։
Բարև Ձեզ, Վրեժ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Կխնդրեի մեր ընթերցողներին պատմել Ձեր մասին, ինչպես ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։
Ինչպես արդեն նշեցիք, ես Վրեժն եմ։ Շուտով կավարտեմ ԵՊԲՀ օրդինատուրան, համատեղ աշխատում եմ իմ մասնագիտությամբ՝ ատամնաբույժ եմ։ Անկեղծ կլինեմ. բժշկի մասնագիտությունը սիրել եմ ուսումնառության ընթացքում, որովետև ինչ-որ բան սիրելու համար այն պետք է մանրամասն ուսումասիրել (ժպտում է- հեղ․)։
Վրեժ, կխոսե՞ք ԵՊԲՀ-ում ուսանողական կյանքի առանձնահատկություններից:
Ի տարբերություն մնացած համալսարանների ուսանողների, ինձ համար առանձնահատկությունն այն է, որ փոխվում են ուսանողի մարդկային արժեքները, վերջիններս դառնում են ավելի մարդասեր։ Կարևոր է նաև այն, որ ԵՊԲՀ-ի ցանկացած ուսանող գիտակցի, որ իր օրվա գիտելիքից կարող է հաջորդ օրը կախված լինել որևէ մեկի կյանքը։ Սա չափազանցություն է թվում, բայց դրանք խիստ շղթայված են։
Տարածված կարծիք կա, որ Բժշկական համալսարանում ուսումնական նյութերի զգալի մասը ռուսաց լեզվով է: Որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:
Իհարկե, կոնկրետ հայերեն բժշկական ուսումնական նյութերն ունեն թերություններ. չկան բավարար քանակությամբ գրքեր, որոնք բաժին կհասնեն բոլոր ուսանողներին, այդ պատճառով շատերը ստիպված են լինում կրկնօրինակել նյութերը և դասագրքերը և ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև մեր բուհում սովորում են մեծ թվով ուսանողներ, և մի գիրքը կարող է պետք գալ և՛ 2-րդ կուրսում, և՛ 4-րդում, բայց որ ուսումնական նյութերի զգալի մասը ռուսերեն լեզվով է՝ չի համապատասխանում իրականությանը։
Լեզուների թերի իմացությունն ուսումնառության ընթացքում կարո՞ղ է լրջագույն խոչընդոտ հանդիսանալ ապագա բժիշկ-ստոմատոլոգի համար:
Ոչ իհարկե, լրջագույն խնդիրներ չի առաջացնի, սակայն ինչ-որ չափով կազդի բժշկի որակավորման վրա: Լեզուների իմացությունը մեծ առավելություն է տալիս ուսանողներին, գաղտնիք չէ, որ օտարալեզու գրականությունը ավելի նոր և մեծ ծավալի տեղեկություններ է պարունակում: Բացի այդ, որքան էլ բժիշկը լինի պրոֆեսիոնալ, կարիք է ունենում ինքնակրթվելու, նոր ինֆորմացիա ստանալու, իր գիտելիքներն ամրապնդելու՝ արտերկրում, կամ այլ երկրների գործընկերների հետ. այս հարցերում լեզուների իմացությունը կարևոր գործոն է։
Ուսումից աշխատանքի անցման փուլում ի՞նչ բարդությունների է հանդիպում շրջանավարտը:
Դու կարող ես հիանալի գիտելիքներով ավարտել համալսարանը, բայց կոտրվել ընդամենը մեկ ամիս աշխատանքից հետո: Ամեն պահ մտքում մտածել՝ իսկ կարո՞ղ է սա քոնը չէ, հնարավո՞ր է այլ մասնագիտություն ընտրել, թե՞ ոչ: Շատերը չեն կարողանում շրջանցել այս հոգեբանական գրոհը, երևի թե ամենաբարդ խնդիրը սա է նոր կյանք մտնելիս: Իհարկե, բացի հոգեբանական ֆակտորից, կան նաև այլ խնդիրներ, կան շատ ճնշող հանգամանքներ, թերահավատություն նոր սերնդի նկատմամբ, բայց եթե չլինեն այս խնդիրները, ձգտումը՝ դառնալ ավելի լավը, պարզապես կդադարի։ Նման խնդիրները հաղթահարելով՝ հասկանում ես, որ արդեն բավականին փորձ ես ձեռք բերել, իսկ այդ զգացողությունը ամենահաճելին է։
Վրե՛ժ, այսօր ԵՊԲՀ ուսանողի համար հատկապես ո՞րն է այն առանցքային խնդիրը, որը խոչընդոտում է պրակտիկ գիտելիքների ձեռք բերման գործընթացին:
Խնդիրները, իմ սուբյեկտիվ կարծիքով, մի քանիսն են. նախ և առաջ կրթական համակարգը պրակտիկ գիտելիքների նկատմամբ շատ «անարդարացի» է, պրակտիկը քիչ տոկոս է կազմում տեսականի համեմատ, սակայն կնշեմ, որ տարեցտարի փոխվում է այս հարաբերությունը, իհարկե դա մեծ ծախսեր է պահանջում, և հույս ունեմ, որ այդ տենդենցը չի դադարի: Հաջորդ կետը ոչ այնքան խնդիր, որքան կարևոր պայման է. պրակտիկ գիտելիքները ձեռք են բերվում ինչպես սեփական փորձի, այնպես էլ ավագ սերնդի փորձի փոխանցման շնորհիվ, և կարևոր է վերապատրաստումներն անցնել որակյալ մասնագետների մոտ:
Կասե՞ք, թե ինչ մեխանիզմներով են ԵՊԲՀ-ում անցկացվում միջանկալ ստուգումներն ու ավարտական քննությունները: Արդյո՞ք գործող մեխանիզմներն արդարացված են։
Քննություններն անցկացվում են մի քանի տարբերակով. թեստային-գրավոր, տեսական- բանավոր, գրավոր, գործնական և Հայաստանում նորամուծություն համարվող սիմուլյացիոն բաժանմունքում անցկացվող ստուգարքերը, երբ ուսանողներն իրենց մասնագիտական հմտությունները ստուգում են «ռոբոտ-այցելուի» վրա։
Ձեզ դասավանդող դասախոսների շրջանում հանդիպե՞լ եք անձանց, որոնց կողմից դրսևորվող սուբյեկտիվ վերաբերմունքի եք արժանացել։
Կարծում եմ, իմ կողմից ցանկացած պատասխան նույնպես կլինի սուբյեկտիվ։ Ուսանողների համար առավել կարևոր է ստացած գիտելիքը, քան մեկ կամ մի քանի դասախոսների սուբյեկտիվ լինելու հանգամանքը. եթե ուսանողը ցանկանում է ստանալ իրական գիտելիք և ոչ թե գնահատական, մնացած հարցերը դառնում են երկրորդական։ Կարևոր է վերջնարդյունքը։
Հիմնականում ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ԵՊԲՀ ստոմատոլոգիայի ֆակուլտետում:
Համալսարանում առարկաների բազմազանության պակաս չկա, և իմ կարծիքով՝ դա ճիշտ մոտեցում է, երբ ուսանողը հնարավորություն ունի բազմակողմանի զարգացման։ Անգամ ոչ մասնագիտական առարկաների ուսուցումը նպաստում է մեր աշխարհայացքի ընդլայնմանը։ ԵՊԲՀ ստոմոտոլոգիայի ֆակուլտետում սովորող ուսանողը հնարավորություն է ստանում ամրապնդել իր գիտելիքները՝ սկսած հայոց պատմություն առարկայից մինչև դիմածնոտային վիրաբուժություն։ Ուսանողական տարիներին թվում է, թե ուսումնասիրվող առարկաները պակաս կարևոր են, սակայն շատ հաճախ հենց նման գիտելիքներն են խաչվում մասնագիտական գործունեությանը, և համոզվում ես, որ ոչինչ ավելորդ չէր սովորել։
Ո՞ր ուղղություններով կարող է մասնագիտանալ ֆակուլտետի շրջանավարտն օրդինատուրայում: Եվ ի վերջո, ավելի շատ աղջիկներին է գրավում ստոմատոլոգի մասնագիտությունը, թե՞ տղաներին:
Օրդինատուրայում ստոմատոլոգները կարող են ընտրել հետևյալ ուղղությունները՝ թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, մանկական և վիրաբուժական։ Ինչ վերաբերում է ոլորտում կին և տղամարդ մասնագետների, ուսանողների թվային հարաբերությանը, պետք է նշեմ, որ հենց ստոմատոլոգի մասնագիտություն ընտրողների մեջ գերակշիռ են տղաները, իսկ ընդհանուր բժշկության մեջ, կարծում եմ, այդ թիվը հավասար է։ Մեր մասնագիտության մեջ սեռով պայմանավորված սահմանափակումներ չկան, ամեն ինչ կապված է անձի ցանկության և նպատակասլացության հետ։
Վրե՛ժ, ի՞նչ կմաղթեք մեր ընթերողներին։
Ես ցանկանում եմ, որ մարդիկ միշտ առիթ ունենան ժպտալու, իսկ մենք՝ կապահովենք նրանց կատարյալ ժպիտը։
Շնորհակալություն զրույցի համար։
Ես նույնպես շնորհակալ եմ։
Օլյա Շահինյան