
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապի ամրապնդմանը:
«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի առաջին փուլով մայիսի 19-ին և 20-ին Արմավիրի մարզի Փարաքար և Բաղրամյան գյուղերի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի և Մեղրաձոր գյուղի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին:
Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Զարդանախշ. հեքիաթ», «Ժանրերը կերպարվեստում», «Գրքարվեստ», «Վարպետի գույները», «Կերպարներ, կերպարանքներ», «Վարպետը և ծովը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնագետները:
«ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները կճանաչեն հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք կբերեն կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (այն է` կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն), կծանոթանան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին: Այս ամենը մեծապես կնպաստի կրթական համակարգում ծրագրերի լրացմանը, ինչպես նաև դպրոցականները տեղեկություն կստանան Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին:
Ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, ինչը կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը:
Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կտրվի 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Տավուշի մարզից: