Аraratnews.am-ի փոստը ողողված է Հայրենիքի համար նահատակված հերոսների հարազատների նամակներով։ Նրանք ցանկանում են խոսել, պատմել իրենց հերոսի մասին։ Այդ նամակագիրներից մեկն էլ Աննան է` փոխգնդապետ Կարեն Սիմոնյանի կինը: Խոստացանք կապ հաստատել ու լսել սպայի կնոջը, որը նամակում արդեն պատմել էր, որ ամուսինը մասնակցել է պատերազմին, կորուստներ հասցրել հակառակորդին, ու...

 

«Կարենը ծնունդով Արծվանիստից էր, ընդամենը 35 տարեկան, ամբողջ կյանքը դեռ առջևում: Քարվաճառում էր ծառայում, բրիգադի հրամանատարի տեղակալն էր փոխգնդապետ Կարեն Սիմոնյանը»,- ամուսնուն ներկայացնում է տիկին Աննան՝ մի տեսակ հպարտությամբ ընդգծելով զինվորական կոչումը: «Երբ ամուսնանում էինք, գիտեի, որ սպա Է, ու նաև գիտակցում էի, թե որքան բարդ է զինվորականի գործը, բայց ոչինչ ինձ հետ չպահեց: Ամուսնացանք: Ընտանիքով Քարվաճառում էինք ապրում: Կարենի հետ մեր երկու փոքրիկներին` Ռոզիին և Կարինային էինք մեծացնում: Կարենը հոգատար ամուսին էր, չափից ավելի հոգատար հայր»,- արցունքները մի կերպ խեղդելով պատմում է Աննան, միաժամանակ շեշտելով, որ իր համար զինվորականի կին լինելը միայն հպարտություն է: «Երեխաների հետ շատ կապված էր: Ռոզիի հետ՝ ավելի շատ, մի ուրիշ կապվածություն կար: Կարինեի հետ էլ էր շատ մտերիմ, բայց մեծ աղջկա հետ ինչ-որ յուրահատուկ ձևով էր կապված»,- ասում է նա:

 

Հրամանատարը շատ նվիրված էր իր գործին: Անգամ հանգստյան օրերին, եթե մեկ ժամ ազատ ժամանակ էր ունենում` գնում էր զորամաս, որպեսզի թերի ոչինչ չմնա, զինվորներն էլ են շատ սիրել նրան: Իսկ տանն աշխատանքի մասին խոսելն արգելված թեմաների շարքից էր. «Մենք երբեք չէինք քննարկում իր աշխատանքը, ծառայությունը, Կարենի դրվածքն էր այդպիսին. գործի տեղը` գործը, տանը` ընտանիքը: Իհարկե, երբ գալիս էին զինվորական ընկերները` առանձնանում, խոսում էին, բայց մեր ներկայությամբ` երբեք»,- պատմում է փոխգնդապետի կինը:

 

Կարեն Սիմոնյանը վերջին շրջանում զորամաս գնալիս անընդհատ ասել է` կուտակումներ են: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7-ին տուն է զանգել, զգուշացրել, որ ընտանիքի անդամները թաքնվեն` պատերազմ է. «Ամսի 26-ին զինավանի անձնակազմը զորամասում էր, ու մեզ ասել էին, որ լույս չվառեք, լույսերը անջատած պահենք: Շենքերի վրա էին կրակում, իսկ երբ մենք արդեն կազմ ու պատրաստ էինք, զանգահարեցի, հարցրեցի, թե ուր գնանք, Կարենն ասաց` իջեք շենքի հայաթ, մեքենա կգա, որ ձեզ տանի...», ու տիկին Աննան երեխաների հետ հեռացավ Արցախից:

 

Փոխգնդապետ Սիմոնյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին: Նա կնոջը չէր ասել, որ առաջնագծում է: Ասել էր, իբր նորակոչիկների հետ թաքստոցում են: Գործընկերները տիկին Աննային պատմել են, թե ինչպես է փոխգնդապետը երկու օր գտնվել ադրբեջանական սահմանում: Չոր սնունդ է վերցրել ու գնացել թշնամու սահման: Կարողացել է թաքստոց գտնել` կապվելով հրետանիի հետ, հրամաններ է տվել: Ոչնչացնելով 40-ից ավելի ադրբեջանցիների, դուրս է եկել թաքստոցից: Երբ հետ են գրավել Մռավի լեռնանցքը, որտեղ պետք է մեր դրոշը դներ անձամբ փոխգնդապետ Սիմոնյանը` վիրավորում է ստացել: Կանգնել է, որ վիրակապի, սակայն արդեն գլխից մահացու վիրավորում է ստացել... «Վերջին անգամ Կարենին տեսել ենք ամսի 25-ին, բայց հինգ րոպեով: Դրանից առաջ էլ օրերով տանը չէր լինում: Երեխաներն անընդհատ հարցնում են հայրիկից: Կարինան դեռ չգիտի: Անընդհատ հարցնում է՝ ե՞րբ է գալու, ե՞րբ ենք մենք գնալու, իսկ մեծ աղջկաս ստիպված եղա ասել, քանի որ անընդհատ ասում էր` զանգի, հետը խոսեմ: Հետո գնացող-եկողից հասկացել էր, որ ինչ-որ բան այն չէ: Այդպես Ռոզիին ասացի` պապան էլ չի գալու»,- հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է հրամանատարի կինը։

 

Փոխգնդապետ Կարեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին պետք է գնդապետի կոչում ստանար, բայց, ցավոք սրտի, չհասցրեց...

 

Տիկին Աննան վստահեցնում է` տարիներ հետո, երբ իրենց դուստրերը մեծանան, նրանք անպայման կիմանան, որ իրենց հայրը հերոսացել է հանուն Հայրենիքի, հանուն մեզ, հանուն այս մի թիզ հողի:

 

Հայկ Մագոյան

 

 

 

 

5895