
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կասկադ համալիրում տեղի է ունեցել «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի երրորդ ներկայացումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ստեղծագործությունը հեղինակել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և Վասգեն Բրուտյանը։
Օրատորիա-միստերիան ներկայացվում է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ զուգակցվելով վիզուալ ձևավորմամբ։ Այն նպատակ ունի աշխուժացնելու մշակութային կյանքը ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում։
Նախագիծը ներառում է չորս համերգների շարք. միստերիա-օրատորիայի առաջին ներկայացումը տեղի է ունենցել հունիսի 26-ին, Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում, երկրորդ ներկայացումը՝ հուլիսի 24-ին, Գութանասար լեռան վրա, երրորդ ներկայացումը՝ օգոստոսի 25-ին, Երևանում՝ Կասկադում, իսկ չորրորդ ներկայացումը տեղի կունենա օգոստոսի 30-ին, Երերույքի տաճարում: Պատմական հուշարձանների հարևանությամբ յուրաքանչյուր կատարում նոր շունչ ու ժամանակակից շարունակականություն է հաղորդում մշակութային կոթողներին։ Տվյալ վայրի պատմական հուշարձանը դառնում է միստերիայի անբաժան մասը՝ իր վրա կրելով վիզուալ անիմացիոն պրոյեկցիա՝ գեղարվեստական ձևավորմամբ։
Բազմաշերտ և բազմադրվագ օրատորիայում հանդես են գալիս կատարողներ Արփի Սինանյանը (սոպրանո) և Մերի Միսակյանը (սոպրանո), Հայկական պնղձյա փողային կվինտետը՝ ընդլայնված կազմով. Ազատ Հարությունյան (շեփոր), Նարեկ Գրիգորյան (շեփոր), Արմեն Կարագյան (գալարափող), Արշավիր Իսահակյան (գալարափող), Վարդան Պապիկյան (տրումբոն), Դավիթ Ասրյան (տուբա), Էդուարդ Պապոյան (հարվածային գործիքներ):
Օրատորիայի երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն է, վիզուալ ձևավորումների հեղինակը՝ Վասգեն Բրուտյանը։
Հեղինակների համոզմամբ՝ օրատորիա-միստերիայի ստեղծումն ու իրականացումն այսօր առավել քան երբևէ կարևոր ու պահանջված է։ Ներկայացվող երաժշտական միստերիան բազմալեզու է. այն ներառում է նաև ուրարտերենը և նպատակ ունի բարձրարժեք արվեստի միջոցով ճանաչելի դարձնել հայոց պատմությունը։