
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՔՊ կուսակցության անդամներին՝ նրանց շնորհակալություն հայտնելով, որ Հայաստանի դժոխային օրերին նրանք չսասանվեցին:
«Բայց, հարգելի կուսակցական ընկերներ, աներևակայելի է՝ ինչպես է հնարավոր չսասանվել։ Դժվար է նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել, ինչպես կարողացաք կանգուն մնալ ձեր ոտքերի վրա, ինչպես կարողացաք տանել այդ բեռը, այդ տառապանքն ու ցնցումը։
Ինչպես կարողացաք անցնել այդ ամենի միջով։
Ձեզ և ձեր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ ու զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ. սա է այն գործիքակազմը, որ կիրառում էին և կիրառում են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարգելի պատվիրակներ,
Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ, ձեր ընտանիքների անդամների առաջ, որովհետև համոզված եմ՝ նույնիսկ ես ամբողջությամբ չգիտեմ, թե ինչերի միջով եք անցել ու անցնում 2020 թվականի այն դժնդակ օրերից ի վեր։ Եղան մարդիկ, որոնք քանդվեցին, փլուզվեցին, բայց ես նրանց նույնիսկ չեմ դատապարտում։ Գիտե՞ք ինչու․ որովհետև մեր տեսած այն պայմաններում հենց դա էր տրամաբանականը, դա էր սովորական մարդկայինը, որովհետև ՔՊ անդամ լինելով՝ հայտնվել էիք մի բեռի տակ, որը հնարավոր չէր տանել, հնարավոր չէր վերապրել։
Ոմանք չկարողացան կանգուն մնալ, որովհետև դա անհնարին էր, և նրանց փլուզումը անակնկալ չէր, նույնիսկ հասկանալի էր, բայց դուք կանգնեցինք, ասել է թե՝ դուք արեցիք անհնարինը։ Եվ սա է ՔՊ կուսակցության անդամ լինելու առանձնահատկությունը։ ՔՊ կուսակցության անդամ լինելը, կուսակցությունը անհնարինն անելու կուսակցություն է, և մենք իրար հետ արել ենք ու անում ենք անհնարինը»,- հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այնուհետև ընդհատեց ելույթը, մոտեցավ բեմի կենտրոնին, խոնարհվեց։