Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը հռչակեց որպես առաջիկա ռազմավարական անելիք: 

Կուսակցության հռչակագրի նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 

– ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին,

– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,

– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,

– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը, 

– հավատալով և հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատևությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,  

– ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղությունը,

– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը,

– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,

– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝

ՀՌՉԱԿՈՒՄ Է 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ


ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ

 Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․

 1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձևավորել սահմանադրական մեծամասնություն:

2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։

4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

5․ Շարունակելու է բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիություն հաստատելու ժողովրդի կողմից ձևակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։

6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության և դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած և հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները; 

7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցայինև արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։

8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքիմիջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը,աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների և ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։

9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցվածամենաարժեքավոր տուրքը։

Փառք նահատակներին եւ 

կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

 

82