Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն առաջարկել է 2021թ–ին անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները:

«Հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ–ին գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4 տոկոս»,–նշված է ընկերության` ՀԾԿՀ ներկայացված դիմումի մեջ։

Ընկերությանը տրամադրված լիցենզիայի համաձայն` եթե տվյալ տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0.5 տոկոսը, ապա վերահաստատվում են գործող սակագները։

Այսպիսով, խմելու ջրի մանրածախ սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կլինի 153 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ մեծածախ գինը` 1 խմ դիմաց 36 դրամ։ Բացի այդ, ջրահեռացման ծառայության մանրածախ գինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց 27 դրամ, իսկ մեծածախը` 1 խմ–ի դիմաց 18 դրամ։

«Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,–  գրված է փաստաթղթում։

ՀԾԿՀ–ն կուսումնասիրի «Վեոլիա ջրի» ներկայացրած դիմումը։


 

161