AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

Մեր զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ, ԵՊՀ Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրի մագիստրոս, ՀՀ ԳԱԱ Իրավագիտության մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Շահանե Նահապետյանն է:

 

 

Շահանե, ժամանակին բոլոր այն դիմորդները, որոնք հումանիտար հակումներ էին ունենում, նախապատվությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետին էին տալիս: Ձեր դեպքում նույնպե՞ս այդպես է եղել:

Դեռևս դպրոցական տարիներին ես միշտ ինձ պատկերացրել եմ ԵՊՀ-ի` Մայր բուհի ուսանող, քանի որ այն որակյալ կրթություն տվող համալսարան է: Իրականում բարդ է այդ տարիքում ընտրել մասնագիտություն, որի հիման վրա հետագայում պետք է կառուցես աշխատանքային կարիերադ: Այո, ընտրեցի հենց այդ ֆակուլտետը` հաշվի առնելով իմ հետաքրքությունները այդ ոլորտի նկատմամբ:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտը կարո՞ղ է իր որակավորմանը համապատասխան աշխատանք գտնել հայաստանյան աշխատաշուկայում:

Պետք է նշեմ, որ քաղաքագիտությունը բազմակողմանիորեն զարգացնում է մարդուն, և լավ մասնագետ լինելու դեպքում աշխատանք գտնելը այդքան էլ դժվար չէ: Կարծում եմ, ներկա պահին քաղաքագիտություն մասնագիտությունը շատ արդիական է, քանի որ առկա իրավիճակում քաղաքագետի պահաջարկը բավականին մեծ է քաղաքական իրավիճակը վերլուծելու և գնահատելու տեսանկյունից:

 

 

Շահանե, կասե՞ք, թե ինչ առանցքային առարկաներ եք ուսումնասիրել ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում:

Առաջինը կնշեմ հենց «Ազգային անվտանգություն» առարկան, որի շրջանակներում ուսումնասիրել ենք նաև տարբեր երկրների ազգային անվտանգության հայեցակարգերը` համեմատական վերլուծություններ անցկացնելով միմյանց հետ: Կառանձնացնեմ նաև էներգետիկ անվտանգությունը, աշխարհաքաղաքական գործընթացները Մերձավոր Արևելքում, միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում, տարածաշրջանագիտություն, տարածաշրջանային քաղաքականության հիմունքներ առարկաները:

 

ԵՊՀ «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ո՞ր ոլորտներում կարող են ծավալել իրենց մասնագիտական գործունեությունը:

Նշված ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության իրացման ոլորտներում, ներառյալ ՀՀ արտասահմանյան ներկայացուցչությունները քաղաքական, ռազմաքաղաքական, տեղեկատվական ոլորտներում:

 

Շահանե, ի՞նչ թեմայով եք գրել Ձեր մագիստրոսական թեզը: Աշխատանքն ավարտելիս ի՞նչ եզրակացությունների եք հանգել:

Մագիստրոսական թեզիս թեման եղել է «Բանակցային տեխնոլոգիաները կոնֆլիկտների փոխակերպման համատեքստում»:

Թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել, քանի որ արդի շրջանում բանակցությունները, հադիսանալով հասարակության քաղաքական կյանքի կարևոր գործընթացներից և քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից մեկը, համարվում են հակամարտությունների փոխակերպման առավել արդյունավետ և քաղաքակիրթ եղանակ: Քաղաքական կոնֆլիկտների լուծման և դրանց կառավարման գործում բանակցությունների դերը մեծ է, քանի որ այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին  գալ համաձայնության, օգնում է զերծ մնալ երկարատև իրավաքաղաքական հակամարտությունից և դրանից բխող հետևանքներից: Արդյունավետ բանակցությունների վարումը կառուցողական մթնոլորտում հնարավոր կլինի միմիայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերն իրապես ցանկանան հասնել խնդրի արդար լուծմանը: Բանակցային գործընթացի պատշաճ կազմակերպումը, հաղորդակցությունը մեծ հնարավորություններ է բացում բանակցող կողմերի համար: Այս ամենը կողմերին թույլ է տալիս ոչ միայն ավելի լավ հասկանալ օրակարգում եղած խնդրի էությունը, այլ նաև դուրս գալ դրա սահմաններից և քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ:

 

Ի՞նչ քննություններ եք հանձնել ՀՀ ԳԱԱ Իրավագիտության մագիստրատուրա ընդունվելու համար: Քաղաքագիտությունից հետո իրավագիտություն սովորելը բարդ չէ՞:

ՀՀ ԳԱԱ ընդունվելու համար քննությունն անցկացվել է ըստ նախապես հրապարակված մասնագիտական հարցաշարի:

Բարդություններ իհարկե կան, քանի որ  իրավագիտությունը բարդ և պատասխանատու մասնագիտություն է: Սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է մի փոքր ջանք թափել, և ամեն ինչ կստացվի:

 

 

ՀՀ ԳԱԱ-ում ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ապագա իրավագետները:

Առաջին կիսամյակում ուսումնասիրում ենք պետության և իրավունքի տեսություն, համեմատական սահմանադրական իրավունք, գործարարական իրավունք, իրավունքի աղբյուրների տեսագործնական հիմնախնդիրներ, քաղաքացիական ծառայության իրավական կարգավորումները ՀՀ-ում առարկաները:

 

Ի՞նչ ընթացակարգով են ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի «Ազգային անվտանգության» մագիստրատուրայում անցկացվում միջանկյալ ստուգումներն ու եզրափակիչ քնությունները:

Բանավոր և գրավոր ընթացակարգով են անցկացվել, եղել են նաև անհատական և խմբային վերլուծական աշխատանքներ:

 

Մեր հարցազրույցների ընթացքում ԵՊՀ քաղաքագիտության և հանրային կառավարման բաժնի ուսանողները դժգոհել են ֆակուլտետում անընդմեջ գործող երկրորդ հերթից (ներկայումս, իհարկե, իրավիճակն այլ է): Ձեզ համար նույնպե՞ս 4 տարի շարունակ երկրորդ հերթով սովորելն արհեստական խոչընդոտներ է ստեղծել:

Ինձ թվում է, այդ բաժինների ուսանողները միշտ էլ դժգոհել են երկրորդ հերթից: Օրվա մեծ մասը անցկացնում էինք համալսարանում, ինչն իհարկե իր հետաքրքրությունը ուներ, բայց շատ ուրիշ բաների համար ժամանակ չէր մնում (մագիստրատուրայի առաջին կուրսում առաջին հեթով եմ սովորել). կարող եմ ասել, որ ինձ բախտ վիճակվել է թեկուզ մեկ տարի, բայց առաջին հերթով լինել համալսարանում (ժպտում է- խմբ.):

 

 

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք բազային քաղաքագետներին, որոնք ուզում են որպես երկրորդ մասնագիտություն իրավագիտություն սովորել:

Միանշանակ խորհուրդ կտամ փորձել: Որպես հարակից մասնագիտություն՝ այն կնպաստի գիտելիքների բազմակողմանի զարգացմանը, տիրապետմանը և կիրառմանը:

Եվ, իհարկե, շատ կարդալ, եթե իսկապես ուզում ես այդ ոլորում հաջողութան հասնել:

 

Օլյա Շահինյան

 

 

31202