Արարատի մարզի Վեդի քաղաքում բացվել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:

Հունվարի 27-ին բացման արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ:

Միջոցառման մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

Բացման խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

ԱՀ նախագահն իր ելույթում շեշտել է. «Ուզում եմ գլուխ խոնարհել զոհվածների հարազատների, նրանց ընտանիքի անդամների առջև: Վերքերը շատ թարմ են` ունենք անհետ կորածներ, բայց մյուս կողմից չենք կարող մոռանալ այն հերոսությունները, որոնք կատարել են մեր զինվորները, հրամանատարներն ու կամավորականները»:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր ելույթում նշել է, որ պետք է միշտ վառ պահել ընկած հերոսների հիշատակը:

«Այսօր բոլորիս համար կարևոր օր է. կարևոր է, որովհետև վաղը՝ հունվարի 28-ին կլրանա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, մեր փառապանծ բանակի կազմավորման 29-րդ տարեդարձը: Տոն, որը մեր պետական տոնացույցում ամենակարևորներից մեկն է:

Այս օրը կարևոր է նաև նրանով, որ մեկ անգամ ևս խորհելու առիթ ունենք, քանի որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից՝ կա թախիծ և տխրություն, որովհետև հիշում ենք մեր նահատակված ընկերներին, մեր անձնազոհ զավակներին, մյուս կողմից՝ մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում:

Փա՛ռք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր մարտիկներին: Նրանք մեկ անգամ ևս հաստատել են այն իրողությունը, որ պետք է ամեն ինչ անենք մեր հայրենիքի սահմաններն ամուր պահելու համար»,- ընդգծել է մարզպետը:

Տերունական աղոթքից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանի մոտ:

28 Հունվար, 2021 16:06
164
; ;