2021 թվականի փետրվարի 1-7-ը ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 735 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 335-ով:

 

Անցած 7 օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ դեպք չի արձանագրվել, փոխարենը ավելացել են հրդեհների մասին կանչերը:

 

Փետրվարի 1-7-ը Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հրդեհի վերաբերյալ 16 դեպք. նախորդ շաբաթվա համեմատ այդ թիվն ավելացել է 8-ով: Հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքում, չոր խոտածածկույթում կամ աղբակույտերում: Սոցիալ-կենցաղային շինությունում գրանցվել է մեկ դեպք, ևս մեկը՝ բնակելի տարածքում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ջոկատները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան:

 

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Halo Trust ոչ կառավարական կազմակերպությունը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորական ջոկատները ամենօրյա աշխատանքով շարունակում են Հանրապետության տարածքը մաքրել պատերազմի հետքերից:

 

Անցած շաբաթվա ընթացքում զենք-զինամթերքի մասով ահազանգման կենտրոնում գրանցվել է 45 կանչ: Չպայթած և վտանգ ներկայացնող զինատեսակների հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին:

 

Նշենք, որ բնակավայրերում այդ աշխատանքները հիմնականում ավարտված են: Ինժեներահետախուզական գործընթացն այժմ շարունակվում է լեռնաանտառային գոտիներում, արոտավայրերում և գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերում:

 

Ստացվել է կենցաղային 20 կանչ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթափոխների ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են նաև հոգեբանական և անհատական խորհրդատվություններ:

 

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից՝ ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են զոհված կամ անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ:

 

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1357 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձանց մարմիններ են:

08 Փետրվար, 2021 12:12
100
; ;