Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ժամանակ զոհված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 35-ի։ Այս մասին Բիշքեկում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլտոնբեկովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Զոհերի թիվը հասել է 35-ի»,- ասել է նա: Ավելի վաղ Սոլտոնբեկովան հայտարարել էր, որ «ընդհանուր առմամբ տուժել է 183 մարդ, նրանցից 34-ը մահացել են»:
Փոխնախարարի տվյալներով՝ ստացված վնասվածքներից երկուշաբթի մահացել է 1960 թվականին ծնված, Բատկենի մարզի Մաքսատ գյուղի բնակիչը։
Հանրապետությունում շարունակվում է բախումների հետևանքով տուժած հայրենակիցների համար օգնության հավաքագրումը։ «Մենք շնորհակալ ենք այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չմնացին, եւ կամավորներին, որոնք օգնել են հավաքել եւ հումանիտար օգնություն հասցնել տուժած շրջաններ»,- նշել է Սոլտոնբեկովան: Նա հավաստիացրել է, որ հակամարտության գոտուց աստիճանաբար տարհանված ղրղզները վերադառնում են տուն։
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի եւ վիրավորների հիմնական մասը քաղաքացիական անձինք են: Բախումների ժամանակ հանրապետությունում այրվել կամ ավերվել են հարյուրից ավելի շենքեր, այդ թվում՝ երկու դպրոց, երեք սահմանապահ կետ, մանկապարտեզ, հրշեջ մաս, ոստիկանության բաժնի շենք, ինչպես նաեւ 78 մեկհարկանի բնակելի տուն: Հակամարտության գոտուց ընդհանուր առմամբ տարհանվել է 33 հազար խաղաղ բնակիչ: