Օռլանդոյի հայ համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցություն են հայտնում պատերազմի արդյունքում վիրավորված տղաներին, ու սկսել են ֆինանսավորել վիրավորներին, ովքեր բուժման ընթացքում բարդ խնդիրների առաջ են կանգնել: Օրերս Արթմեդ բժշկական կենտրոնում վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արտակ Գալստյանը Օռլանդոյի հայ համայնքի մի խումբ անհատների համատեղ ֆինասավորմամբ վիրահատեց պատերազմի արդյունքում վիրավորված 31-ամյա Գագիկ Մկրտչյանին: Գագիկը կոնք-ազդրային հոդի բավականին լուրջ բեկորային վնասվածք էր ստացել Ջաբրաիլում հոկտեմբերի 18-ին: Մինչ այօսր հասցրել է մի քանի վիրահատություններ տանել:

Այլ հիվանդանոցում կատարված վերջին վիրահատության ժամանակ մետաղական կոստրուկցիա էր տեղադրվել, սակայն վիրահատությունից հետո, ցավոք, ոսկրային հյուսվածքի կպում տեղի չի ունեցել, արդյունքում սկսվել է ճիշտ հակառակ պրոցեսը՝ ոսկրային հյուսվածքի քայքայում ու զարգացել ինֆեկցիա: Ու հենց այս փուլում Գագիկի հետ կապվել են ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Անտոն Բալասանյանը և նրա կինը՝ Մարինա Վարդանյանը: Անտոն Բալասանյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ էլ Օռլանդոյի հայերով համատեղ տարբեր տիպի օգնություն են ուղարկել առաջնագիծ: Հայաստան գալով՝ իրենց հետ կապ պահող հայ բժիշկներից մեկից խնդրել են իրենց տրամադրել տղաների կոնտակտներ, ովքեր դեռևս լուրջ բուժման ու ֆինանսական աջակցության կարիք ունեն: Ու որպես բարդ դեպք ընտրել առաջնահերթ Գագիկին օգնելը, չնայած որ այլ տղաների հետ ևս քննարկումների փուլում են: «Գտանք Գագիկին, իմացանք, որ բարդ և թանկարժեք վիրահատության կարիք ունի: Ապա մեզ խորհուրդ տվեցին դիմել Արթմեդ ԲՎԿ առաջատար վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանին, քանի որ նա բարդ դեպքերի հետ աշխատելու լուրջ փորձառություն ունի: Վստահ ենք, որ վիրահատությունները կտան իրենց արդյունքը: Պատրաստ ենք Գագիկին տրամադրել ցանկացած օգնություն, որպեսզի նա օր առաջ ոտքի կանգնի,- Mednews.am-ի հետ զրույցում նշեց Անտոն Բալասանյանը: «Վիճակն այսպես թողնել չէր կարելի, կարող էր ավելի բարդանալ խնդիրը:

Որոշում ընդունվեց կրկին կատարել վիրահատություն երկու էտապով: Կատարեցինք մետաղական կոնստրուկցիայի հեռացում: Վիրահատությունն անցավ բարեհաջող: Շուրջ 3 ամսից կատարելու ենք ևս մեկ բարդ վիրահատություն, որի ընթացքում տեղադրվելու է սովորական էնդոպրոթեզներից տարբերվող բավականին թանկարժեք մեգաէնդոպրոթեզ հատուկ երկար ոտիկով, որպեսզի Գագիկը նորից կարողանա քայլել», -պատմում է Արտակ Գալստյանը՝ ողջունելով Օռլանդոյի հայ համայնքի նախաձեռնողականությունը: Էջմիածնեցի Գագիկն էլ վստահ է, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու, իր առողջությունը լիովին վերականգնվելու է իրեն աջակցող ամերիկահայերի ու Արթմեդի բժիշկների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, շնորհակալ է առհասարակ բժիշկներից բուժման բոլոր փուլերում իր ցուցաբերած վերաբերմունքի համար: Պատերազմի ու երկարատև բուժման պրոցեսով անցած տղան մի պահ անգամ չի կորցրել լավատեսությունը: Շատ պլաններ ունի կյանքում, 3 երեխաների հայր է, պիտի նրանց համար ապահով կյանքի պայմաններ ստեղծի ու կրկին վերադառնա իր սիրելի գործին՝ հողագործությանը:


 


 

 

109