
ԱՄՆ-ը չի պատրաստվում Իրանին երկար սպասել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն՝ նշելով, Իրանը պետք է որոշի իր միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու հարցը։
«Նրանք երեք ամիս չեն բանակցում: Այնտեղ ընտրություններ տեղի ունեցան, ձեւավորվեց նոր կառավարություն, սակայն նրանք չվերսկսեցին բանակցությունները: Այսպիսով, որոշումը դեռ կայացված չէ, և գնդակը մնում է նրանց դաշտում, բայց ոչ երկար ժամանակով»,- ասել է Բլինկենը:
Պետքարտուղարը բացատրել է, որ եթե Իրանը շարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ առանց բանակցությունների վերսկսման, կգա մի պահ, երբ «պարզապես ԳՀՀԾ վերադառնալը այլևս բավարար չի լինի»:
Ապրիլից Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև՝ իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու վերաբերյալ: Կողմերը քննարկում են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում իր պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ: