
Անգեղակոթում նույնիսկ կանայք են պատրաստ պաշտպանել իրենց գյուղը, միայն թե զենք տան իրենց։
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչները վստահեցնում են, որ իրենց մոտ թշնամին երբեք չի եղել, իրենց գյուղն անառիկ է։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անգեղակոթցի Նարդոս Հարությունյանը վստահեցնում է, որ թուրքը երբեք իրենց գյուղ չի մտել ու չի էլ կարող։
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, երբեք չի ընկել։ Մեր գյուղը երբեք թուրք չի մտել, չի էլ մտնի։ Երբ ասում եք անգեղակոթցի, նշանակում է` թուրքի «ղասաբ»։ Մենք միշտ այստեղ ենք ապրել, պապիկներս էլ են ծնունդով այստեղից»,– նշեց Նարդոս պապը և հավելեց, որ երեկ երեկոյան մի քանի անգամ կրակոցի ձայն լսել է, ենթադրում է, որ Իշխանասարի կողմում է եղել։
Նա ընդգծեց, որ ժողովրդին եթե զինեն, իրենք վստահաբար կկարողանան պահել իրենց գյուղը։
Նարդոս պապը նաև շեշտեց, որ իր եղբոր տղան 2020 թվականին ՌԴ–ից եկել է Հայաստան, մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին և զոհվել։
Անգեղակոթցի մի կին էլ ասաց, որ սպասում են խաղաղ ապրելուն, քանի որ գիշերը չեն կարողանում գլուխները հանգիստ բարձին դնել։
«Երեխաս պայմանագրային զինծառայող է, հիմա էլ Իշխանասարում է, ո՞նց քնեմ։ Խոսել ենք մեր տղաների հետ, ասել են, որ ամեն ինչ նորմալ է, բայց չենք կարողանում հանգիստ ապրել, որևէ բանով զբաղվել»,– նշեց կինը։