araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Կառավարում (ըստ ոլորտի) բակալավրի կրթական ծրագրի ուսանողուհի Աստղիկ Գևորգյանն է:

Աստղիկ, ՀՊՏՀ ընդունվելիս դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մաթեմատիկա, հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու առարկաներից: ՀՊՏՀ-ում ուսումնառության ընթացքում այս առարկաների իմացությունն օգնու՞մ է ուսանողին: Դուք պահանջվող առարկաների ցանկում որևէ փոփոխություն կանեի՞ք:

Ինչպես գիտենք,  ընդնելության քնությունները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի կարողանանք ընդունվել մեր ցանկացած համալսարանը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում լիարժեք պարապի, թե՞ ոչ, սակայն  գիտելիքը այն հարստությունն է մեզ համար, որը ոչ ոք չի կարող վերցնել, իսկ խելացի մարդը միշտ փայլում է։ Առարկաների իմացությունը օգնում է  հեշտ ընկալել նյութը։ Առարկաներն ինձ դուր են գալիս. փոփոխություն չէի կատարի։

Աստղիկ, Հայաստանում հնարավո՞ր է բուհում ստացած գիտելիքներով աշխատաշուկայում ստացած մասնագիտացմանը համապատասխան աշխատանք գտնել: Աշխատանք որոնելիս դուք դժվարությունների արդյոք հանդիպե՞լ եք:

Իհարկե հնարավոր է. եթե մարդը ձգտում ունի սովորելու, նա անպայման կարող է հասնել բարձունքների, և լիարժեք մասնագետը միշտ կգտնի իր ցանկացած աշխատանքը։ Տվյալ պահին ես իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, քանի որ դեռ լիարժեք չեմ կարող տիրապետել մասնագիտությանը։

Ի՞նչ հիմնարար խորհուրդներ կտաք այն աշակերտներին, որոնք ուզում են իրենց բարձրագույն կրթությունը ՀՊՏՀ-ում՝ Կառավարում (ըստ ոլորտի) բակալավրի կրթական ծրագրի մասնագիտացմամբ ստանալ:

Եթե որոշել եք ապագա կառավարիչ լինել, իսկ ձեր մասնագիտության մեջ՝ կայացած, վստահեցնում եմ՝ ՀՊՏՀ-ի դասախոսները անփոխարինելի են և կարող են ձեզ օգնել հասնելու ձեր նպատակին:

Ի՞նչ եք կարծում, մրցունակ տնտեսագետ լինելու հարցում անհատի անձնային որակներն ու հոգեբանական խառնվածքը հիմնարա՞ր դեր են խաղում:

Մարդը բացի լավ մասնագետ լինելուց պետք է ունենա մարդկային արժանիքներ, իսկ հոգեբանական վիճակը և որակը հիմնարար դեր են խաղում:

Կխոսե՞ք ՀՊՏՀ-ի ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին:

ՀՊՏՀ ուսանողները միասնական են.  մենք մի մեծ ընտանիք ենք, որտեղ հոգ ենք տանում մեկս մյուսի մասին, սերը և ջերմությունը այնքան մեծ է, որ երբեք ոչ մի անձ իրեն անտեսված չի զգում, և այս ամենը յուրահատուկ է դարձնում մեր ուսանողական կյանքը։

Հիմնականում ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ՀՊՏՀ Կառավարում (ըստ ոլորտի) բակալավրի կրթական ծրագրի շրջանակներում:

Մենք ուսումնասիրում ենք 4 մասնագիտական առարկա. Միկրոտնտեսություն, Կազմակերպական վարքագիծ, Հռետորական արվեստ, Բարձրագույն մաթեմատիկա, իսկ մնացածը հանրակրթական առարկաներն են:

Ո՞ր ուղղությամբ եք ցանկանում ստանալ Ձեր մագիստրոսական կրթությունը:

Ուսումս ցանկանում եմ արտասահմանում շարունակել, բայց դեռ չեմ կողմնորոշվել մագիստրոսի կրթության հարցում։

Որտե՞ղ եք պատրաստվում անցնել Ձեր փորձաշրջանը՝ պրակտիկան:

Բանկում աշխատելու ցանկությունս մեծ է, ես ինձ տեսնում եմ այնտեղ աշխատելիս։

ՀՊՏՀ ուսանողը կարո՞ղ է համատեղել ուսումն ու աշխատանքը:

Այո, եթե մարդ ցանկություն ունի, անհնարին ոչինչ չկա։

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, կփոխեի՞ք Ձեր մասնագիտությունը:

Միանշանակ ոչ։ Ես տեսնում եմ ինձ որպես ապագա կառավարիչ:

 

Օլյա Շահինյան

515