Մեր օրերում հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ քաղաքացին, անշարժ գույքի սեփականատեր չհանդիսանալով հանդերձ, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Ձեռքբերման վաղեմության ընթացակարգի շուրջ AraratNews.am-ը զրուցել է փաստաբան Նաիրա Արտաշեսյանի հետ:

 

Նաիրա, ի՞նչ է իրենից ներկայացնում «ձեռքբերման վաղեմության» ինստիտուտը: Ի՞նչ ընթացակարգեր և կարգավորումներ են գործում օրենքով, որոնց մասին պետք է իմանա շարքային քաղաքացին՝ իր իրավունքները լավագույնս պաշտպանելու համար:

 

Ձեռքբերման վաղեմության ինստիտուտը հանդիսանում է սեփականության իրավունքի ծագման հիմքերից մեկը։ Այն իրավական կարգավորման է ենթարկվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որի համաձայն՝ «Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): ՀՀ հողային օրենսգիրքը արդեն կարգավորում է ոչ թե ձեռքբերման վաղեմության իրավունք սեփականության իրավունքի, այլ ձեռքբերման վաղեմություն օգտագործման իրավունքի նկատմամբ։ Այսպես, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար և, եթե հողամասերը համապատասխանում են սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

 

Ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով»:

 

Ովքե՞ր կարող են հանդիսանալ ձեռքբերման վաղեմության սուբյեկտներ:

 

Ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունքի սուբյեկտներ կարող են լինել ոչ միայն քաղաքացիները, այլ նաև իրավաբանական անձինք։ Հոդվածում ուղղակիորեն նշում չկա այն մասին, թե պետությունը և համայքները կարող են արդյոք համարվել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի կրողներ, բայց դա կարելի է բխեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ իրավանորմերից, մասնավորապես 128-րդ հոդվածի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

 

Սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից»:

 

Ինչպիսի՞ գույքի առկայության պայմաններում է գործում ձեռքբերման վաղեմության օրենքը:

 

Ներկա իրավակարգավորումների համատեքստում ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունքի ծագումը հնարավոր է միայն անշարժ գույքի նկատմամբ։ Նշեմ, որ տարբեր երկրներում նաև ընդունված է ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի ճանաչում շարժական գույքի նկատմամբ։ Նախկինում մեր Քաղաքացիական օրենսգիրքը նույնպես նման ընթացակարգ սահմանում էր, սակայն հետագայում հրաժարվեցինք այդ կարգավորումից։

 

Ի՞նչ պայմանների բավարարման դեպքում կարող են ճանաչել անձի ձեռքբերման վաղեմության իրավունքը:

 

Որպեսզի անձի մոտ ծագի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք, անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Այսպես՝

 

  1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
  2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
  3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
  4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը իր ԱՐԱԴ/0084/02/12 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում և  գտել է, որ առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձագանքել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, ալյ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ:

 

Մի փոքր կխոսե՞ք ձեռքբերման վաղեմության ժամկետների մասին: Երբվանի՞ց են սկսում այն հաշվել:

 

Ինչպես տեսանք, ձեռքբերման վաղեմության ժամկետը 10 տարի է, որը սկսում է հաշվարկվել այն պահից, երբ որ միաժամանակ առկա են վերոնշյալ բոլոր վավերապայմանները։ 10 տարվա ժամկետը չի կարող լինել ընդհատումներով, այն պետք է լինի անընդհատ, և անձը պետք է 10 տարի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետի այդ գույքը՝ որպես իր սեփականը։

 

Ի՞նչ է տիրապետման վաղեմությունը: Մեր քաղաքացիներն այս ընթացակարգի մասին ի՞նչ առաջնահերթ կարգավորումներ պետք է իմանան:

 

Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Այսինքն, օրինակ, եթե բնակարանը անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ տիրապետել է ամուսինը 5 տարի, ապա կնոջ համար վերոնշյալ 10 տարվա ժամկետը չի հաշվվում սկզբից, այլ այդ ժամանակահատվածի մեջ ներառվում է նաև ամուսնու տիրապետած 5 տարվա ժամկետը։

 

«Բարեխիղճ տիրապետել» ասելով պետք է հասկանանք այն բոլոր գործողությունները, որոնք որ տվյալ անձը կատարում է իր գույքը պահպանելու ու կառավարելու համար: Օրինակ՝ վճարում է կոմունալները, գույքահարկը, իր գույքը պաշտպանում է երրորդ անձանց անօրինական միջամտությունից: «Բարեխիղճ տիրապետելու» մեջ մտնում են այն բոլոր գործողությունները, որոնք որ կաներ գույքի իրական սեփականատերը:

 

Վարձով բնակարանների համար ձեռքբերման վաղեմությունը գործու՞մ է:

 

Վարձով բնակարանների համար ձեռքբերման վաղեմությունը չի գործում, որովհետև տվյալ բնակարանը սեփականատեր ունի ու այն անձը, ով որ վարձում է ու հստակ գիտի, որ բնակարանն ունի սեփականատեր: Ձեռքբերման վաղեմությունը կարող է գործել միայն այն դեպքում, երբ բնակարանը չունի սեփականատեր:

 

Օլյա Շահինյան

319