Ռուսական խոշոր ընկերությունները, այդ թվում՝ բանկերը, այլեւս վախենալու ոչինչ չունեն։ Նրանք կարող են սկսել աշխատել Ղրիմում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված հանդիպմանը։
«Այժմ բոլոր պայմանները կան ռուսական խոշոր բիզնես կառույցների համար, որոնք, անկեղծ ասած, վախենում էին ինչ-որ պատժամիջոցներից, հիմա վախենալու ոչինչ չունեն, հիմա կարող են ապահով գալ, այդ թվում, ի դեպ, բանկերը»,- նշել է նա։
«Մենք պետք է ներդնենք խոստումնալից արտադրանքի գիծ, վարկ տրամադրենք գյուղատնտեսությանը, շինարարությանը, զբոսաշրջությանը և տարածաշրջանի համար կարևոր այլ ոլորտներին: Այստեղ բացենք գրասենյակներ և մասնաճյուղեր, զարգացնենք մանրածախ առևտրը»,- նշել է Պուտինը: Նրա խոսքով՝ դա լուրջ խթան կհանդիսանա Ղրիմում գործարար ակտիվության մեծացման համար, կընդլայնի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջանների գործընկերների հետ։
Նա անդրադարձել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ նշելով, որ դրանք շատ խնդիրներ են ստեղծում երկրի համար, բայց միևնույն ժամանակ նոր հնարավորություններ են բացում:
«Այո, իհարկե, արևմտյան պատժամիջոցներն ազդում են թերակղզու տնտեսության զարգացման վրա, որոնք վերաբերում են բանկային հատվածին, մի շարք ապրանքների մատակարարմանը և այլն: Ես արդեն ասել եմ, որ Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումները, իհարկե, շատ խնդիրներ են ստեղծում, բայց դրանք ոչ միայն խնդիրներ են ստեղծում, այլ նաև նոր հնարավորություններ են բացում մեզ համար»,- ընդգծել է Պուտինը։