
Հայ-ադրբեջանական բանակցությունները միայն Արցախի հիմնախնդրին չեն վերաբերում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիևի հանդիպմանը:
Ըստ նրա՝ ճիշտ չէ բանակցությունների կոնտեքստից կտրել միայն Արցախյան հիմնախնդիրը, քանի որ այն ներառում է նաև տրանսպորտային ապաշրջափակման, դելիմիտացիայի, դեմարկացիայի և այլ կնճռոտ հարցեր:
Արամայիս Աղաբեկյանը նշեց, որ կառավարության վերջին նիստին վարչապետի ելույթը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ բովանդակային տեսանկյունից ներկայացվում էր առկա ողջ մտահոգությունները, ըստ որի՝ առաջարկները պետք է ենթադրի Արցախի հիմնախնդրի լուծման այնպիսի տարբերակ, որտեղ կհստակեցվի Արցախի կարգավիճակը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի հիման վրա:
«Հայաստանի Հանրապետությունը ունի իր քաղաքական կուրսը և վարում է իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների՝ Արևմուտքի, Ռուսաստանի հետ, և բանակցությունների հարցը ավելի շատ Հայաստանի տիրույթում է գտնվում: Ցանկացած պարագայում բանակցությունները պետք են: Այս պատերազմից հետո իրողություններն այլ են, տրամաբանական է, որ սուր դիրքերից Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդես գալ: Մեծ վտանգավորություն լինելու է այն ժամանակ, երբ բանակցություններն ընդհանրապես չլինեն»,- ասաց նա և նկատեց, որ Արցախի 2020 թվականի պատերազմը նաև բանակցությունների բացակայության հետևանք էր:
Դիտարկմանը, թե այս հանդիպումից հետո սահմանում իրավիճակն ավելի հանգիստ է, և ինչ սպասելիքներ կան այդ առումով, Արցախի պատգամավորն ասաց, որ չի ուզում ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անել, քանի որ այս ամբողջ գործընթացը նաև կախված է լինելու աշխարհաքաղաքական իրողություններից, և Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ևԱրցախյան հիմնախնդիրը աշխարհից կտրված գործընթացներ չեն:
«Բայց փոքր և մանր սադրանքներից Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու, որովհետև իր խնդիրը հենց Արցախի հայաթափումն է, այնպիսի պայմաններ ստեղծելն է, որ Արցախից մարդիկ հեռանան»,- հավելեց նա: