
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքին միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տանելու և 2023 թվականի նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում երկրից փախչելու ծրագիր մշակելու մեջ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է կուսակցության կայքում։
Ընդդիմության առաջնորդի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարն ու նրա մերձավոր շրջապատը «պահուստային օդանավակայան» են պատրաստում՝ մեկ տարուց իշխանափոխության դեպքում։ Ենթադրվում է, որ Էրդողանի ընտանիքի անդամները հսկայական գումարներ են փոխանցում ԱՄՆ երկու «զուգահեռ» հիմնադրամների՝ TÜRGEV-ի և Ensar-ի միջոցով։ Հայտնի է, որ առաջինը ղեկավարում են նախագահի զավակները։
«Էրդողանի ընտանիքը TÜRGEV-ի և Ensar հիմնադրամների օգնությամբ մաքսանենգ ճանապարհով գումար է տեղափոխում Միացյալ Նահանգներ՝ այն փոխանցելով տեղի քաղաքացու անունով բացված shell-ֆոնդի հաշվեհամարներին։ 20 միլիոն դոլար են փոխանցում, 10 միլիոն դոլար»,- վստահեցնում է Քըլըչդարօղլուն։
Կուսակցության ներկայացուցիչները որպես ապացույց վկայակոչել են նաև հավատարմագրային հիմնադրամի բանկային քաղվածքները: Բացի այդ, Քըլըչդարօղլուն ասել է, որ Էրդողանի մարդիկ փորձում են ԱՄՆ-ում ապրելու և աշխատելու թույլտվություն ստանալ։
«Մինչ նրանք փախչելու տեղ են փնտրում, մենք այլ հայրենիք չունենք։ Մենք ոչ մի տեղ չենք գնալու, այս պետությանը մեր՝ բոլորիս միջոցով է հարություն առնելու։ Գլուխներդ մի իջեցրեք, հարազատներս»,- թուրքերին է դիմել կուսակցության նախագահը։