Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովին՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման վերաբերյալ:

ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, Ալբանիայի արդարադատության փոխնախարար Ադեա Պիրդենիի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և այլ տեղացի ու միջազգային բարձրաստիճան անձանց մասնակցությամբ միջոցառմանը Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայաստանի Կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները:

Նախարար Անդրեասյանը, որպես արդեն իսկ գրանցած շոշափելի արդյունք՝ կարևորել է արդարադատության նախարարության աջակցության և նախաձեռնողականության արդյունքում ձևավորված Հակակոռուպցիոն դատարանները, Հակակոռուպցիոն կոմիտեն, Գլխավոր դատախազությունում ձևավորված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունները:

Անդրեասյանը, կարևորելով GRECO-ի մեծ դերը կոռուպցիայի դեմ պայքարում, նշել է, որ Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների, անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները, և հույս է հայտնել, որ մոտ ապագայում չեն լինի այնպիսիք, որոնք դեռ կատարված չեն:

ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ու անխոչընդոտ իրականացման համար և այդ համատեքստում կարևորել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մշակման ու ընդունման գործընթացը:

Համաժողովի ընթացքում ընդգծվել է նաև պետական պաշտոնյաների ուղղորդման, վերապատրաստման և հանրային ծառայության բոլոր մակարդակներում բարեվարքության խթանման կարևորությունը:

723