«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում:

Այն հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։

Հայաստանը, ըստ զեկույցի, այս տարի 2 աստիճանով բարելավել է դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։

ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքին:

Նշվում է, որ չնայած բազմակարծության միջավայրին՝ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ։

Այնուամենայնիվ, խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում  Հայաստանը նախորդ տարվա նման առաջատարն է:

Վրաստանն այս տարվա զեկույցում 77-րդ տեղում է, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը՝ 151-րդ, Իրանը՝ 177-րդ հորիզոնականում:

 Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրներ՝ սոցիալական ցանցեր ամեն օր մուտք է գործում ՀՀ բնակչության երկու երրորդը։

Զեկույցում նշվում է, որ թեպետ աճել է լրատվական միջոցների թիվը, սակայն միայն մի քանի լրատվամիջոցներ են շարունակում անկախ մնալ, իսկ մյուսները հավատարիմ են մնում կա՛մ իշխանական թևին, կա՛մ ընդդիմադիր կողմին:

Հայաստանում կան մամուլին առնչվող մի շարք խնդիրներ. ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին: Նշվում է նաև, որ պետական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և Լաչինի միջանցքի արգելափակմանը և նշվում, որ այս հանգամանքները բարդացնում են լրագրողների աշխատանքը, բացի այդ, լրագրողները պարբերաբար ճնշումների, բռնության և վիրավորանքների են արժանանում ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների կողմից, իսկ լրագրողների նկատմամբ բռնությունը հիմնականում անպատիժ է մնում։

577