![](https://araratnews.am/admin/images/1686129643.jpeg)
Ապակիների թաղանթները պոկելու որոշումը ուժի մեջ է: Հունիսի 1-ից գործող օրենքը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանին հունիսի առաջին օրերին գումարի տեսքով տուգանքը չկիրառելու որոշման համար՝ Վահագն Ալեքսանյանը ընդգծեց, որ նպատակը քաղաքացուն տուգանելը չէ, այլ օրենքի կիրառումն ապահովելը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ եղել են դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների հետ, երբ կանգնեցրել են տրանսպորտային միջոցը, պոկել թաղանթները, բայց նաև տուգանել են:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց, որ իրականում հունիսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառվեին օրենքը խախտողների նկատմամբ, իսկ խախտման դեպքում նախատեսված տուգանքի չափը 25 հազար դրամ է, սակայն մայիսի 31-ին ՆԳՆ-ում աշխատանքային և մասնագիտական քննարկում է եղել, և որոշվել է հարկադրանքի նվազ միջոցներ կիրառել:
«Քանի որ դա համարվում է խախտում, խախտման համար պետք է լինի պատասխանատվություն, որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքի, այսինքն՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, դիտողությունը վարչական: Որոշվեց, որ առաջիկա մի երկու օրը կկիրառվի տույժ՝ որպես դիտողություն, որից հետո արդեն կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»,- ասաց պատգամավորը:
Արմեն Խաչատրյանը զգուշացրեց՝ լուսաթափանցելիության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոց վարելն այդուամենայնիվ համարվում է իրավախախտում, ուստի վարորդները, տրանսպորտային միջոցների սեփականատերերը պետք է հանեն թաղանթները:
«Որ պահին ոստիկանը կորոշի՝ նախազգուշացնե՞լ, թե՞ տուգանել, հնարավոր է այնպիսի մեղմացնող հանգամանքներ լինեն, որ չտուգանի, այլ նախազգուշացնի, որը հիմա շատ քիչ կհանդիպի: Հիմա հիմնականում կիրառվելու է տուգանք, և հորդորելու ենք, որ թափանցելիության կանոնները պահպանվեն, որովհետև մեկ է, պատասխանատվության են ենթարկվելու»,- ասաց նա:
Ըստ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ այս խնդիրն ունի նաև այլ լուծում. կան թաղանթներ, որոնք մուգ չեն, բայց լուծում են արևի ճառագայթից պաշտպանելու խնդիր: