ԵՄ-ի կողմից ռուսական դիզվառելիքի ներկրման արգելքից և երրորդ երկրների համար գնային առաստաղի սահմանումից հետո դրա արտահանումն աճել է։ Եվրոպական մասնաբաժիններն ընդունել են Թուրքիան, Բրազիլիան, Սաուդյան Արաբիան և Հարավային Աֆրիկայի երկրները։
Եթե մինչ սահմանափակումները Եվրոպան ռուսական դիզելային վառելիքի ամենամեծ սպառողն էր՝ 77%, ապա այս տարվա առաջին կիսամյակում դրանք նվազել են մինչև 9%։ Սակայն դա չի ազդել վառելիքի արտահանման վրա, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։ Ռուսաստանից մատակարարումներն աճել են գրեթե 11%-ով՝ օրական մինչև 1 մլն բարել։
Թուրքիան սկսել է ամենաշատ քանակով դիզվառելիք գնել Ռուսաստանից։ Նրա մասնաբաժինը 8%-ից հասել է 30%-ի։ Նրան հետևում են Բրազիլիան (11%), Սաուդյան Արաբիան (11%) և աֆրիկյան երկրները, որոնց մասնաբաժինն արդեն կազմում է 20%: Դրանց թվում կան պետություններ ինչպես արևելյան ափից, այնպես էլ հյուսիսից՝ Գանայից մինչև Մարոկկո և Լիբիա։
Երեք մայրցամաքների սպառողների՝ դեպի ռուսական դիզելային վառելիքի վերակողմնորոշման հիմնական պատճառը մատակարարների առաջարկած զեղչերն են։ Զեղչը կազմում է մոտ 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Ռուս արտադրողները դիզելային վառելիքի մեկ բարելի դիմաց 10 դոլարով ավելի շատ են վաստակում, քան նավթից։