Հարգելի՛ հայրենակիցներ, Ոստիկանության զորքերի ծառայակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը։
Արդի մարտահրավերներին զուգընթաց՝ Ոստիկանության զորքերը շարունակում է մասնագիտական վերելքի ու զարգացման պատվավոր ճանապարհը։

Ոստիկանության զորքերի ընթացիկ բովանդակային փոփոխություններն այսօր էլ շարունակվում են ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների համատեքստում։ Ուստի կոչ եմ անում մեր անձնակազմին շարունակել կատարելագործել մասնագիտական ունակությունները, շարքերը երիտասարդ ու պատրաստված կադրերով համալրելու ընթացքում միավորել ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ՝ առավել համակարգված ու կազմակերպված հանդես գալու մարդու իրավունքները հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելիս, հասարակության և պետության անվտանգությունը ապահովելու գործառույթն իրականացնելիս։

ՆԳՆ Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը։ Հետևաբար, Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմը պետք է ունենա պետականապաշտպան բարձր պատասխանատվություն։ Որպես պարտադիր կանոն՝ Ոստիկանության զորքերի յուրաքանչյուր ծառայողի համար բարեվարքությունը պետք է լինի առաջնահերթություն՝ հասարակարգին արժանի նոր ոստիկանական որակ ապահովելու համար։

Ձևավորվելով 1990-ականների սկզբին՝ Ոստիկանության զորքերը, բացի երկրի ներքին անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու գործառույթից, իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու գործառույթ։

Առանձնակի ջերմությամբ ու խոնարհումով շնորհավորում եմ մարտական գործողությունների ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր եղբայրների ընտանիքներին, վիրավորում ստացած մեր ծառայակիցներին, մաղթում ուժ ու կորով:

Ոստիկանության զորքերի անձնակազմի անունից և անձամբ վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության զորքերը շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Ոստիկանության զորքերի անձնակազմին՝ ողջախոհություն, աննկուն կամք՝ պետությանն ու հասարակությանը ծառայելու պատվավոր գործում։

467