Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:

 

Նա այսօր ներկա էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին և պատասխանեց պատգամավորների հարցերին:

 

Նահապետյանն անդրադարձավ նաև ՀՀ ֆինանսական շուկայում գրանցված դրամի արժեզրկմանն ու դրա հետևանքով հնարավոր գնաճին: Նա հայտնեց, որ ԿԲ-ը անհրաժեշտ չափով միջամտում է շուկային՝ որոշ քանակով արտարժույթ ներմուծելով: Թե որքան է առ այսօր կազմել այդ միջամտությունը, Նահապետյանը չհստակեցրեց՝ ասելով, որ դա կարտահայտվի ԿԲ-ի ամսական հաշվետվության մեջ: Այդուհանդերձ, թեկնածուն վստահեցրեց, որ գնաճն այս պահին կառավարելի մակարդակում է:

 

Խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ու դեռ կանխատեսվող տնտեսական ճգնաժամերի մասին՝ Նահապետյանն ասաց. «Մենք այս տարի կորոնավիրուսի հետ կապված վերանայեցինք շուրջ 1 տրիլիոնից ավելի վարկային պորտֆել, որի արդյունքում ավելի քան 100 մլրդ դրամ համակարգ չմտավ»:

 

Նա նաև շեշտեց, որ բանկերը նման դեպքերում հիմնականում իրենք են վերանայում վարկառուների հետ իրենց պայմանագրերը:

 

«Մենք այսօր լրջագույն խնդիր ունենք նաև մեր հերոսների, զինծառայողների վարկային պարտականությունների հետ կապված: Այսօր այդ տվյալները հավաքագրվում են: Մենք աշխատում ենք ինչպես ՊՆ-ի, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների հետ՝ տեղեկատվույունն ավելի արագ փոխանցելու համար»,- ասաց Նահապետյանը՝ հայտարարելով, որ բանկերը պատրաստակամ են անել բոլոր հնարավոր զիջումները՝ վարկային բեռը նշված խումբ քաղաքացիների համար տանելի դարձնելու համար:

 

Դավիթ Նահապետյանն 2006թ-ից աշխատում է ԿԲ-ում: Վերջին մեկ տարում զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի, գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:

 

1995-2006թթ-ն աշխատել է մասնավոր ֆինանսական համակարգում:

1999թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 2001-2003թթ-ին սովորել է. Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայի բաժնում, 2010թ.-ին՝ սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում մասնագիտությամբ:



 

490