Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այս տարի առաջին անգամ հունվար ամսին իրականացվեց բուժհաստատությունների ֆինանսավորում՝ նախորդ ժամանակահատվածի համար»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը սա կարևոր փոփոխություն է համարել, քանի որ, ըստ նրա, նախկինում տարվա առաջին ֆինանսավորումն իրականացվում էր փետրվար ամսին։

«Բժշկական կենտրոնների հետ ակտիվ համագործակցության արդյունքում մենք այս տարի ավելի արագ ենք իրականացնում ֆինանսավորումը։ Այո, ինչպես ես ասուլիսում ասել էի՝ մենք դեկտեմբերի առաջին 15 օրվա համար ունեինք շատ ավելի մեծ կատարողական, քան ամսական միջին կատարողականն էր մինչ այդ։ Սա նշանակում է, որ մենք ունենք հարցեր՝ ինչու՞ է այդ կատարողականը որոշ ծրագրերի մասով ավելի եղել, և այս ընթացքում ուսումնասիրություններ ենք իրականացնում։ Այս արդյունքները կլինեն և ըստ դրա էլ կինի ֆինանսավորումը։ Բոլոր այն դեպքերը, որոնք ներկայացված են պատշաճ ու հիմնավոր, ըստ էության, ֆինանսավորումը կիրականացվի»,- հավելել է նա:

Հարցին՝ կասկածներ ունե՞ն, որ ԲԿ-ները սխալ թվեր են ներկայացրել՝ Ավանեսյանը պատասխանեց. «Ես երկու գործառույթ ունեմ՝ ինչպես մեր կառավարությունն է խոսք տվել՝ դիմելիության աճին համահունչ ավելացնել ֆինանսավորումը, բայց նաև հստակ վերահսկել միջոցների ծախսման արդյունավետությունը։ Հիմա մեր խնդիրն է վստահ լինել, որ օբյեկտիվ պատճառներ կան՝ կատարողականի շատ լինելու»։

243