Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և մեր երկրում ձևավորված գործարար կապերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը:

«Օտարերկրյա և տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս կարևորել են Հայաստանում փոխարկելի փոխառության գործիքի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ փոխարկելի պարտքի միջոցով ներդրումները սովորաբար կատարվում են ստարտափներում և զարգացման սկզբնական փուլերում գտնվող ընկերություններում:

Զեկուցողի խոսքով՝ այդ մեխանիզմով ներդրումը հնարավորություն է ընձեռում ներդրողներին և ներդրումներ փնտրող ընկերություններին հավասարակշռել ռիսկերը և առավել փոխշահավետ համաձայնությունների գալ: Մասնավորապես, նման ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում, այդ ներդրումը վերածել բաժնեմասի և ոչ թե ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով: Միաժամանակ ընկերության մասնակիցները/բաժնետերերը չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: «Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաև ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար ավելի լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ և այլն) ներգրավել ներդրումներ ներկա կամ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- նշել է Գևորգ Պապոյանը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում դրա կիրառության համար առկա են օրենսդրական խոչընդոտներ, ինչպես նաև առկա չեն գործիքի կիրառման համար անհրաժեշտ կառուցակարգեր:

Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը և այլն:

Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մի մասի վերադարձի կամ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր:

Նախաձեռնությամբ կարգավորվում են նաև փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները:

«Ակնկալվում է, որ նախաձեռնության ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում` հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը»,- նման դիրքորոշում է հայտնել նախարարը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 26-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն:

180