
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընտրությունների ընթացքում որոշակի ընտրակաշառքի բաժանման հարցեր ծագեցին ու համապատասխան մարմինները պետք է մինչև վերջ իրականացնեն հետաքննություն և պարզեն նման գործողությունների մասշտաբը, բայց ընդհանուր առմամբ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը լուրջ մտահոգություն չեն հայտնել։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքին։
Առաքելյանը կարծիք հայտնեց, որ «Մեր քաղաքը» դաշինքը, Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, որը ձայների 15.5 տոկոսով երրորդ տեղում է Գյումրիում, կմիանա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը գլխավորում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը․«Իմ տպավորությունն այդպիսին է՝ հաշվի առնելով նախընտրական պրոցեսը և նրանց դիրքավորումը․ իրենք հիմա փորձելու են հասկանալ, թե ինչ են ստանալու Ղուկասյանին աջակցելուց ու ըստ այդմ որոշում կկայացնեն»։
Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունները վարչական ռեսուրս են չարաշահել և այլն, քաղաքագետը համոզմունք ունի, որ որևէ նման լծակ իշխանությունը չի կիրառել և արդյունքները դրա մասին են վկայում․ «Իշխանություններին կարելի է մեղադրել այլ բաների մեջ, որ չկարողացան 7 տարիների ընթացքում քաղաքական դաշտը մաքրել կրիմինալից, և այն մարդիկ, որոնք նախկինում Գյումրիում հայտնի էին իրենց բացասական կերպարով ու հանցավոր անցյալով, այսօր փաստացի կրկին ներգրավվել են քաղաքականության մեջ, ընտրական գործընթացներում և մեծ շանս ունեն կրկին Հայաստանի երկրորդ քաղաքում վերցնել իշխանությունը․ ահա սա է այս իշխանության ամենամեծ բացթողումը, որի համար ես ինքս մեղադրում եմ իշխանություններին։ Այստեղ որևէ արդարացում ես չեմ ընդունում, քանի որ քաղաքացիները ներկայիս իշխանությանը մանդատ էին տվել, որպեսզի վերջնականապես փակեն այդ մութ անցյալը ու մերժեն նման անհատների և ուժերի, սակայն հենց իշխանության թուլության արդյունքում նրանք փորձում են Հայաստանում կրկին իշխանության գալ և կարծես թե այս պահի դրությամբ հաջողում են»։
Հարցին՝ հնարավո՞ր է խորհրդարանական ընդդիմությունը օգտագործի այս առիթը և փողոց դուրս գա, նաև հաշվի առնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մարդիկ արդեն իսկ հանրահավաքներ են սկսել, նա պատասխանեց․ «Իրականության մեջ այդ հանրահավաքը նույնպես քաղաքական ենթատեքստ ունի․ այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք խոսում են Արցախի ժողովրդի իրավունքների մասին․ նրանք մարդիկ են, որ մշտապես եղել են ԼՂ նախկին իշխանությունների կողքին և տարիների ընթացքում երբեք լրջորեն չեն անհանգստացել արցախցիների իրավունքների մասին ու չեն բարձրաձայնել, հետևաբար այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, և մարդիկ փորձելու են արցախցիների խնդիրը հերթական անգամ օգտագործելով շահարկել ու մասսաներ հանեն փողոց, հետագայում ուղղորդելու կոնկրետ քաղաքական գործընթացներում և Գյումրու ու Փարաքարի ընտրությունները դրանց որոշակի իմպուլսներ կտան»։
Առաքելյանը նաև հիշեցրեց, որ այս ընդդիմությունը վերջին 5 տարիների ընթացքում արտահերթ ընտրությունների պահանջ ձևակերպել է և հիմա էլ կարող է, սակայն դրա հնարավորությունը այս պահի դրությամբ նա չի տեսնում։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ընտրությունների արդյունքներն ազդեն խաղաղության պայմանագրի կնքման վրա, զրուցակիցն արձագանքեց․ «Բերեք հասկանանք, որ դա այնուամենայնիվ տեղական ընտրություններ են ու այդ առումով առաջին տեղում ՔՊ-ն է, ավելին՝ իշխող ուժը հիմա Գյումրիում ավելի շատ ձայն է ստացել, քան նախկինում և պետք է նաև այս տեսանկյունից դիտարկել, իսկ խաղաղության պայմանագիրը դա այլ թեմա է ու համոզված եմ՝ հանրության մեջ մեծ պահանջ կա խաղաղություն հաստատելու»։