
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
Մեր զրուցակիցը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Ալիսա Մարկոսյանն է:
Ալիսա, մեր օրերում դիմորդներից շատերը դժվարանում են մասնագիտական նախապատվությունների հարցում: Ձեր դեպքում նույնպե՞ս այդպես է եղել:
Մինչ համալսարան ընդունվելը իրականում շատ բարդ է պատկերացնել և վիզուալացնել, թե ինչ մասնագետ կլինես ապագայում: Ես նույնպես դժվարացել եմ այդ հարցում: Բայց, վերջիվերջո, երբ եկավ ընտրության պահը, ինքս սկսեցի քննարկել և մտածել, թե որ ուղին է ինձ համապատասխանում: Իմ ընտրությունը հեշտացնելու նպատակով դիմել եմ բացառության կարգին (բացառել եմ այն մասնագիտությունները, որոնք չեմ սիրել և չեմ ուզել աշխատել այդ մասնագիտությամբ):
Մի փոքր կխոսե՞ք Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների մասին: Ինչո՞վ է Ֆրանսիականը տարբերվում մյուս բուհերից:
Ֆրանսիական համալսարանը առանձնանում է մի շարք առանձնահատկություններով: Նախ՝ այն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու օտար լեզու և մասնագիտանալու դրանում: Այստեղ առանձնահատուկ ուշադրության է հատկացվում ուսանողի գիտելիքի մակարդակին, վարքին, դասերին ցուցաբերված ակտիվությանը, դասերից բացակայելուն... Բարձր բալեր հավաքած ուսանողները ստանում են զեղչեր:
Առաջին կուրսում ի՞նչ առարկաներ է ուսումնասիրում ապագա կառավարիչը:
Առաջին կուրսում ուսումնասիրում ենք 7 հիմնական առարկա: Ուսումնասիրում ենք ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն: Մասնագիտական առարկաներից՝ տնտեսագիտության հիմունքներ, կառավարման հիմունքներ, մաթեմատիկա, ինֆորմատիկա: Նաև ընտրում ենք հավելյալ առարկաներից մեկը կամ երկուսը, որոնք մեզ լրացուցիչ բալերով են ապահովում: Դրանք են՝ իսպաներենը, գերմաներենը, ֆիզիկական ակտիվությունը, հայոց լեզուն, տրամաբանությունը, հայ քաղաքակրթությունը (առաջին կիսամյակում):
Ֆրանսերենի իմացությունը ՀՖՀ ընդունվելիս պարտադի՞ր է:
ՀՖՀ կարող են ընդունվել և՛ ֆրանսերենին տիրապետողները, և՛ չտիրապետողները: Ես երբեք ֆրանսերեն չէի ուսումնասիրել մինչ համալսարան ընդունվելը: Առաջին օրվանից սկսած՝ ամեն օր ունեցել եմ ֆրանսերենի դաս: Վստահ եմ, որ համալսարանի տված գիտելիքի և իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ շուտով ազատ կտիրապետեմ լեզվին:
Հետաքրքիր է, ի՞նչ տեղ է զբաղեցնում մայրենի լեզուն օտար բուհում: Կա՞ն առարկաներ, որոնք հայոց լեզվով եք ուսումնասիրում:
Հայոց լեզվի դասընթացները մտնում են հավելյալ ընտրովի առարկաների մեջ: Եթե ուսանողը ունի ցանկություն, ապա կարող է ընտրել այն:
Մինչև 3-րդ կուրս ընկած ժամանակահատվածում բոլոր առարկաներն ուսումնասիրում ենք մայրենի լեզվով: Իսկ արդեն 3-րդ կուրսից հետո, ամբողջ առարկաները դասավանդվում են ֆրանսերենով:
Ո՞ր առարկաներից եք քննություններ հանձնել ՀՖՀ ընդունվելիս:
Կառավարում, մարքետինգ, ֆինանսներ ֆակուլտետների համար ընդունելության քննությունները նույնն են՝ օտար լեզու (անգլերեն/ֆրանսերեն...), մաթեմատիկա և հայոց լեզու:
Ապագա կառավարիչը մեր երկրում ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:
Հայաստանի պետական կառավարման մարմիններում և հայրենական ու արտերկրի մասնավոր հատվածի կազմակերպություններում՝ կառավարման միջին և բարձր օղակներում՝ որպես․
- Տնտեսագետ,
- Ֆինանսական մենեջեր,
- Բանկային գործի և ապահովագրության մասնագետ,
- Ֆինանսական վերլուծաբան,
- Ղեկավարի կամ մենեջերի ֆինանսների գծով խորհրդական և օգնական։
Մի փոքր կխոսե՞ք կառավարչական պրակտիկայի կազմակերպման գործընթացից:
Պրակտիկան շահավետ համագործակցության հնարավորություն է ձեռնարկության, ուսանողի և համալսարանի համար.
- Ձեռնարկության համար պրակտիկանտի ընդունումը որևէ նախագիծ զարգացնելու, ուսումնասիրություն կատարելու կամ որևէ ծառայության որակը բարելավելու հնարավորություն է,
- ուսանողների համար պրակտիկան հնարավորություն է հասկանալու ընտրած մասնագիտության մարտահրավերները և հարմարվելու աշխատաշուկայի
պայմաններին, - համալսարանի համար պրակտիկան ձեռնարկության աշխարհի հետ սերտ համագործակցություն զարգացնելու և կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին հարմարեցնելու հնարավորություն է:
Ֆրանսիայում և արտերկրում անցկացվող պրակտիկան եվրոպական ձեռնարկությունների գործունեությանը ծանոթանալու յուրահատուկ հնարավորություն է: Այն նաև անձնական և մշակութային հարաբերությունների ու Սփյուռքի հետ կապերի զարգացման միջոց է:
Ամեն տարի ավելի քան 60 ուսանող իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են արտերկրում՝ հատկապես Ֆրանսիայում:
Արդեն 14 տարի, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, համալսարանում անցկացվում է ավանդույթ դարձած Կազմակերպությունների ֆորումը: Այդ ֆորումը դարձել է հայաստանյան ամենաակտիվ ձեռնարկությունների և իրենց ապագա պրակտիկանտների և ՀՖՀՀ Մագիստրատուրայի ուսանողների հանդիպման վայրը: Այն նաև շրջանավարտների համար աշխատանքի ընդունվելու միջոց է:
Հետագայում նույն ուղղությա՞մբ եք նախատեսում ստանալ Ձեր մագիստրոսի կրթությունը:
Դեռ չեմ մտածել մագիստրոսի կրթության մասին: Երբ ավարտեմ բակալավրիատը, հնարավորություն ունեմ շարունակելու կրթությունս մագիստրատուրայում հետևյալ մասնագիտացումներով․
- Ֆինանսներ և վերահսկողություն,
- Տնտեսագիտություն,
- Կառավարում,
- Ֆինանսեր և բանկային գործ։
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք այն անձանց, ովքեր ՀՖՀ են ցանկանում ընդունվել:
Զինվե՛ք համբերությամբ և աշխատե՛ք ձեր գիտելիքների վրա: Պատրաստ եղե՛ք դժվարություններ հաղթահարելուն: Պատրաստ եղե՛ք նվիրաբերելու ձեր ամբողջ օրը նոր լեզու սովորելու և հմտանալու արվեստին: Եվ ամենակարևորը՝ ձեր ընտրությունը կայացնելուց առաջ լավ մտածեք: Պատկերացրեք ինքներդ ձեզ ապագայում: Արդյոք դուք սիրո՞վ եք անում ձեր գործը, հաճույք ստանո՞ւմ եք դրանից:
Օլյա Շահինյան