«Գործն ընթանում է, սակայն նշեմ, որ բժիշկը չի հարվածել: Քաղաքացին շտապօգնության մեքենայով եկել է, հետազոտվել է, կյանքին վտանգ սպառնացող ոչինչ չկա, թերևս այսքանը բուժական մասով»,- այսօր Վեդիու ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ArartNews-ի հարցմանը պատասխանեց Արամայիս Գրիգորյանը:
Նշենք, որ այսօր Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Վեդի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Սասուն Գ․-ն հայտնել է, որ իր կնոջ հայրը և եղբայրները իրեն ծեծի են ենթարկել, ու ինքը հիմա գտնվում է «Վեդի» հիվանդանոցի բակում, որտեղ իրեն ծեծել է նաև հիվանդանոցի վիրաբույժը, և որ քաղաքացին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է նշված բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն չեն ցուցաբերել։
Մեր հարցին, թե ինչու բուժօգնություն չի ցուցաբերվել, ԲԿ տնօրենը պատասխանեց.
«Բացառված է, դա անթույլատրելի է, այդպիսի բան չի կարող պատահել, դրանք հերյուրանքներ են: Ինչ էլ լինի, մենք պարտավոր ենք բուժօգնություն ցուցաբերել, այդպիսի բան երբևէ չի եղել»,-ասաց նա: