2001 թվականի  օգոստոսի 18-ին, երբ ծնվեց Արա Սեդրակյանի  և Գյուլնարա Բաղդասարյանի  սպասված արու զավակը, նրան Ռաշիդ անվանեցին ի պատիվ պապի: Ռիտան ու Մարինեն ձեռից ձեռ փոխանցելով մեծացրեցին կրտսեր եղբորը: Հետո երեք երեխաներին վիճակված էր որոշ ժամանակ միայնակ ապրել, քանի որ կյանքի դժվարություններն ստիպեցին, որ Արան ու Գյուլնարան մեկնեն արտագնա աշխատանքի: Ռիտան ու Մարինեն մայրիկի բացակայության ժամանակ մայրություն  արեցին Ռաշիդին` ջանք ու եռանդ չխնայելով նրա համար:

 

Արցախյան երկրորդ պատերազմը խաթարեց նաև Սեդրակյանների կյանքը` նրանցից էլ խլելով ամենաթանկը` մինուճար որդու կյանքը: Ռիտան ասում է, որ շատ բան կա Ռաշիդի մասին պատմելու` չգիտի ինչից սկսի: «Եղբայրս փոքր ժամանակվանից խելացի էր: Իր հասակակիցներից ավելի հասուն էր մտածում: Մեծանում էր` անընդհատ լսելով, խորհուրդներով, սովորելով: Հասուն տարիքում էլ ինքն ուրիշ էր: Չգիտեմ, մտածելակերպով, ամեն ինչով տարբերվում էր:  Մասնագիտությամբ ավտոմեխանիկ էր: Մինչ զորակոչվելը աշխատում էր, ընտանիքին էր օգնում: Մաման ու պապան Մոսկվայում արտագնա աշխատանքի էին: Մերոնք աշխատում էին, մենք երեք երեխաներով սովորում էինք»,- պատմում է Ռիտան:

 

 

 Ռաշիդը 2020 թվականի հունվարի  8-ին զորակոչվեց բանակ: Արան ու Գյուլնարան այդ ժամանակ վերադարձան Մոսկվայից, Ռաշիդին ճանապարհեցին ու կրկին գնացին աշխատելու: Ռաշիդը լավագույն դիպուկահարներից էր: Ֆիզիկապես շատ ուժեղ տղա էր, թիկնեղ, բոյ-բուսաթը տեղը: «Ինքը շատ ուրախ էր, որ գնում է ծառայության: Իր նպատակների ու անելիքների մասին չէր խոսում: Ասում էր` գնամ բանակ, գամ ամեն ինչ կանեմ, ամեն ինչ լավ կլինի: Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, որ, ցավոք, կիսատ մնացին: Աներևակայելի մտքի թռիչք ուներ: Ասում էր՝ ամեն ինչ պիտի անեմ, որ ծնողներս հետ գան Հայաստան»,- պատմում է Ռիտան, շեշտելով, որ երեք երեխաներով շատ միասնական էին, շատ մտերիմ: «Քույրիկներով շատ ենք դողացել իր համար: Դե տան փոքր երեխան էր: Ռաշիդին մի ուրիշ սիրով էինք սիրում: Շատ էինք անհանգստանում: Նույնիսկ, երբ բակ խաղալու էր իջնում, հետևում էինք, որ հանկարծ չընկնի, մի փորձանքի չգա: Նույնն էլ պատերազմական շրջանում էր, բայց...»:

 

Պատերազմի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց աշխարհով մեկ: Մոսկվայում ապրող Ռաշիդի ծնողներն ամեն օր լարված հետևում էին պատերազմի ընթացքին` շուրթերին աղոթք, որ մեր զինվորների գլխից մազ չպակասի: Ռաշիդը հարազատներին ոչինչ չէր ասում: Հորդորում էր չանհանգստանան, չմտածեն: Նոյեմբերի 2-ին ծանր վիրավորում էր ստացել, բայց ընկերոջը մենակ չէր թողել դիրքում: Հոսպիտալ չէր գնացել, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեին, վերամշակեին վերքը: Զանգել էր ծնողներին ու ասել` մատաղ արեք: Մատաղն անելուց հետո նոր պատմել էր, որ վիրավորվել է: Ընկերը` Արամն է այդ անգամ Ռաշիդի կյանքը փրկել: Հողի տակից են հանել զինվորին: Կողոսկրերի հատվածում բաց վերք էր առաջացել, բայց ինքը ծնողներին ասել էր՝ թեթև քերծվածք է: Հրամանատարներն էլ ասել են, որ ամեն բան արել է, որ չիջնի դիրքերից: Ինքը նախ Մարտունիում է եղել, իսկ հետո տեղափոխվել է թեժ կետեր: Որպես լավ դիպուկահար տարբեր դիրքերում է կռվել: Ու այդպես վիրավոր կռվել է մինչև վերջին օրը: «Ինքնաթիռը հարվածել է, ու կրկին վիրավում է ստացել, բայց տեսել է, որ ընկերը` Արամը, մնացել է հողի տակ, գնացել է այս անգամ էլ ինքն օգնության, ու այդ ժամանակ ինքնաթիռը երկրորդ անգամ  է հարվածել: Ռաշիդն ու ընկերը զոհվել են: Դեպքը տեղի է ունեցել  պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 8-ին, գիշերը` ժամը 12-ի կողմերը` հրադադարից մի քանի ժամ առաջ»,- ձայնը դողալով ասում է քույրը:

 

 

«Մենք  շատ հասարակ ապրող ընտանիք ենք: Դեռ փոքր ժամանակից շատ դժվարությունների միջով ենք անցել: Ռաշիդն էլ ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքի մասին էր մտածում: Հիշում եմ` ծնողներս անընդհատ ասում էին՝ կգաս Մոսկվա: Ինքն էլ ասում էր` ես այդտեղ չեմ գա: Ամեն ինչ պետք է անեմ, որ դուք գաք: Շատ էր սիրում Հայաստանը: Այգի ունեինք, մշակում էր, ամեն ինչ իր ձեռքերով էր անում»:

 

Ռիտան պատմում է, որ Ռաշիդից երկու օր լուր չեն ունեցել, ու շեշտում է, որ ամենաթեժ պահերին էլ ժամանակ գտնում էր, որ գոնե մեկ րոպե խոսի: Բայց այս անգամ...Երբ տեսել են լուր չկա, կապ են հաստատել ընկերոջ` Արամի հայրիկի հետ: Ասել են, որ իրենք էլ լուր չունեն, հետո հրամանատարների հետ են խոսել: Սպաները հայտնել են, որ զինվորը դիրքերում է, կապ չկա, եթե կապ հաստատեն, կասեն` տուն զանգի:

 

 ...Ռաշիդն այդպես էլ չզանգեց...

 

«Մամային ու պապային ասել են, որ Ռաշիդը վիրավորվել է, մորն են կանչում, որպեսզի խնամի: Մաման չի հավատացել, զգացել է, որ որդին ընկել է հերոսի պես: Ցավալի լուրն իմանալուց հետո եկան Հայաստան: Հետո մեզ պատմել են, որ Ռաշիդն ու Արամը կարողացել են հայտնվել թշնամու թիկունքում, ոչնչացնել հակառակորդին և շրջափակումից հանել են շուրջ 70 զինակից ընկերներին»:

 

Ռաշիդի ընտանիքն այսօր ապրում է անցյալի լավագույն հուշերով: Ամենադժվարը տիկին Գյուլնարայի համար է: Մինուճար որդու հետ էին կապված բոլոր երազանքները: Ռաշիդի մայրիկին ապրելու ուժ են տալիս թոռնիկները, բայց վերքը թարմ է, ու ցավը դեռ չի բթացել:

 

Ռիտան պատմում է, որ Ռաշիդը շատ լավ քեռի էր իր երկու երեխաների համար: Փոքրիկ Լինան մինչ օրս սպասում է իր զինվոր-քեռու վերադարձին: Ամեն անգամ զինվոր տեսնելիս կախվում է մոր փեշից ու լացակումած հարցնում, թե՝ իմ քեռին ինչու չի գալիս: Իսկ հերոսի քույրը անզորությունից ատամները սեղմած ու կիսաժպիտ փոքրիկ աղջնակին պատասխանում է` Քեռին հրեշտակ է դարձել ու ձեզ արդեն երկնքից է ժպտում:

 

Հայկ Մագոյան

 

 

 

 

4065