Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին։

Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին, շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։

 Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների հասցեագրման, շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման նպատակով ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր։

Կողմերը մասնավորապես անդրադարձել են՝

 «ԵՄ-ն Սևանի համար»

Ծրագրի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունները, ինչպես նաև՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

ԵՄ «Ջրային նախաձեռնություն+»

Ծրագիրն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի մշակման և իրականացման մարտահրավերների հաղթահարմանը։ ՀՀ կառավարությունն այս ծրագրի օժանդակությամբ Սևանա լճի ավազանի համար մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը, որի նպատակն է երկարաժամկետ կտրվածքով ջրային ռեսուրսների կառավարման կառուցվածքավորումն ու բարելավումը ավազանային մակարդակում։

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար»

Ծրագրի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի բնական կապիտալի պահպանության և տնտեսական աճը խթանելու գործում կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների կիրառմանը՝ արդյունքում զարգացնելով կանաչ էկոնոմիկան։

 Քննարկվել են նաև 2019թ․ հունիսից Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝ «Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն գլուխների» միջոցառումների իրականացման աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում տեղի ունեցած սեմինար-քննարկումներին և Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ԵՄ-Թվինինգ տեխնիկական աջակցության գործիքի շրջանակներում «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների վերանայման գործընթացին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը հետաքրքրված է նաև ԵՄ «կանաչ գործարքի» կիրարկման գործընթացին ՀՀ ներգրավման հնարավորությամբ։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը փաստել են, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

 

03 Փետրվար, 2021 15:27
105
; ;