AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոնի ուսանողուհի Մոնիկա Հակոբյանն է:
Մոնիկա, ինչպե՞ս ընտրեցիք տնտեսագետի մասնագիտությունը:
Մաթեմատիկական ուղղվածությունս հստակ էր։ Մտածում էի ֆինանսական ֆակուլտետ ընդունվելու մասին, բայց, ուսումնասիրելով բուհի բոլոր բաժինների նկարագիրը, ընտրությունս կանգ առավ տնտեսագիտության վրա, քանի որ տնտեսագետը տիրապետում է ամբողջ ոլորտին։
Մի փոքր կխոսե՞ք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոնում դասավանդվող առարկաներից։ Ո՞րն է հիմնական առարկայացանկը։
Մեր հիմնական առարկայացանկն ընդգրկում է միկրոտնտեսագիտություն, մակրոտնտեսագիտություն, բարձրագույն մաթեմատիկա, հավանականության տեսություն։ Այս բոլորից զատ ուսումնասիրում ենք նաև իրավագիտություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, փիլիսոփայություն, օտար լեզու և այլն։ Կան նաև ընտրովի առարկաներ։
Ո՞ր առարկաներից է հարկավոր ընդունելության քննություն հանձնել հենց ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոն ընդունվելու համար: Առարկայական այդ ցանկի հետ կապված՝ Դուք առարկություններ կամ նորովի առաջարկներ ունե՞ք:
Ընդունելության քննություն հանձնում ենք մաթեմատիկա և հայոց լեզու կամ օտար լեզու առարկաներից։ Այս առարկաներից քննություն հանձնելն ամենաօպտիմալն է, բայց դիմորդները պետք է հիշեն, որ կամընտրական առարկաներից մեկը հանձնելը չի ենթադրում մյուսի թույլ իմացություն. չդժվարանալու համար պետք է և՛ օտար լեզու, և՛ հայոց լեզու լավ իմանալ։
Կխոսե՞ք փորձաշրջանից (պրակտիկա):
Փորձաշրջան անցնում ենք միայն վերջին կուրսում։ Համալսարանը տալիս է հնարավորություն՝ ընտրելու ոլորտը, վայրը։
Ո՞ր հաստատություններում կարող է աշխատել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոնի շրջանավարտը:
Տնտեսագետը ունի շատ առավելություններ այն առումով, որ նա և՛ տնտեսագետ է, և՛ հաշվապահ, և՛ ֆինանսիստ, և՛ շուկայագետ... Կարող է աշխատել գրասենյակներում, բանկերում, նախարարությունում, ինչպես նաև հիմնել սեփական բիզնես։
Ի՞նչ սկզբունքով են ՀՊՏՀ-ում անցկացվում միջանկյալ ստուգումներն ու ավարտական քննությունները:
Մեր բուհում չկան միջանկյալ ստուգումներ, ակտիվության գնահատականը վաստակում ենք սեմինարների ժամանակ (ստուգարքային առարկան առավելագույնը՝ 12, քննականը՝ 8), իսկ վերջում կարող ենք ստուգարքի միջոցով ևս 8 միավոր ավելացնել (քննական առարկաների դեպքում՝ 12):
Ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում ապագա տնտեսագետները: Ձեր կարծիքով, տնտեսագետի համար հատկապես ո՞ր լեզուների յուրացումն է առանցքային:
Մեկ տարի ուսումնասիրում ենք հայոց լեզու և օտար լեզու (մեր ընտրությամբ)։ Կարծում եմ պետք է անգլերենը պարտադիր լինի բոլորի համար, քանի որ աշխատանքի շուկայում հանդիպում ենք անգլերենի չիմացության խնդրին։
Առհասարակ, ՀՊՏՀ-ում ինչպիսի՞ն է ուսանողական կյանքը` մասնավորապես դասախոս-ուսանող փոխհարաբերությունները:
Ուսանողական կյանքը շատ ակտիվ է, իսկ դասախոսները՝ ընկերական, հարգալից, պահանջկոտ։
Մայրենի լեզվով մասնագիտական գրականությունը Ձեզ հանձնարարվող գրականության քանի՞ տոկոսն է կազմում:
Ողջ գրականությունը հասանելի է մայրենի լեզվով։ Հիմնական հեղինակները հանդիսանում են հենց մեր դասախոսները։
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա տնտեսագետներին:
Ձեռք բերել հնարավորի չափ շատ գիտելիքներ և դառնալ ոլորտի լավագույն մասնագետները։
Օլյա Շահինյան