
Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա դա մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով, Արեւմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։
«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականներ և հետախույզներ: Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչ են անում»,- ասել է նա։
«Այդ կապակցությամբ մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։