![](https://araratnews.am/admin/images/1688452370.jpg)
«Վնուկովո» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը Նոր Մոսկվայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով ժամանակավոր դադարից հետո։ Այս մասին հայտնում է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Հուլիսի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից «Վնուկովո» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը»,- ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հաստատել է, որ առավոտյան ժամը 8-ին «Վնուկովո» օդանավակայանի մոտ թռիչքների սահմանափակումները հանվում են։
Այսօր առավոտյան Նոր Մոսկվայում՝ Վալուեվո գյուղի մոտ, երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, ևս մեկը՝ մերձմոսկովյան Կուբինկայի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը և «Վնուկովո» օդանավակայանը հայտնել են ինքնաթիռների ընդունման և բաց թողնման սահմանափակումների մասին։ Մի քանի չվերթ ուղղվել են այլ օդանավակայաններ։
Մոսկվայի և Մերձմոսկվայի մյուս օդանավակայանները գործում են սովորական ռեժիմով: