Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունում գործեր են քննվում և՛ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ, և՛ քրեական գոծերով՝ Երևանի թվով 24  մանկապարտեզների վերաբերյալ: «Սրանք այն մանկապարտեզներն են, որ ապօրինի կերպով օտարվել են»,-ասաց նա և նշեց, որ դատախազությունը խնդիր է դրել՝ այդ մանկապարտեզների տարածքները եթե հնարավոր չէ վերադարձնել, ապա միջոցները վերադարձվեն պետական բյուջե:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ 2 ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում,  առաջինը՝ պետական շահերի պաշտպանության հայցերն են, և երկրորդը՝ նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ: Նա նշեց, որ ուսումնասիրություններ են իրականացվում նաև մարզերում: Նա ասաց, որ կան մանկապարտեզներ, որոնք, որպես այդպիսին, հնարավոր չէ վերադարձնել, քանի որ դարձել են հասարակական նշանակության կամ բազմաբնակարան շենքեր:

Վարչապետն ասաց, որ 7-10 հազար երեխաներ սպասում են մանկապարտեզներ այցելելու իրենց հերթին:

Աննա Վարդապետյանն ասաց, որ հիմնական սխեման կառուցվել է լուծարման գործընթացի շրջանակներում և քննության առարկան հենց այս լուծարման գործընթացն է: «Այնտեղ որոշակի կոռուպցիոն սխեմաների և հովանավորչության դրսևորման դեպքեր ենք հայտնաբերել, դա է պատճառը, որ վարույթներ ենք նախաձեռնել»,- ասաց նա և նշեց, որ ուսումնասիրում են հնարավոր կոռուպցիոն գործընթացները:

529