
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։
Նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կոմիտեի պատասխանատուների հետ դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել ի հայտ եկած թերությունները։ Արձանագրվել են տեղակապման խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել կատարելու հանույթ։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում մշակել նախագծային համապատասխան լուծումներ և կատարել անհրաժեշտ շտկումները։
Կոմիտեի ղեկավարը զրուցել է ծրագրում ներգրավված մասնագետների հետ՝ հորդորելով հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ որակյալ արդյունքը գլխավոր նախապայմանն է։