Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը հղում անելով։
Փեզեշքիանի ընտրվելուց հետո երկու առաջնորդների առաջին հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:

Էրդողանը նշել է, որ կարևոր է քայլեր ձեռնարկել, որոնք կծառայեն խաղաղությանը և ուղղված կլինեն Իսրայելի ագրեսիայի դեմ, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։
Միջազգային հանրությունը, նրա խոսքերով, պետք է ավելի հաճախ բարձրացնի այդ հարցը՝ հենվելով միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների վրա, «որպեսզի հնարավորինս արագ վերջ տրվի Իսրայելի բռնությանը պաղեստինյան և լիբանանյան տարածքներում»:
«Թուրքիան ակտիվացնում է ջանքերը՝ հումանիտար օգնություն տրամադրելու խաղաղ բնակիչներին պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայի հատվածում»,- ասել է Էրդողանը։
Խոսելով Թուրքիայի և Իրանի պատմամշակութային կապերի մասին՝ Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկա ժամանակահատվածում Անկարայի և Թեհրանի միջև կապերը կզարգանան։

264