Ղարաբաղի հարցի հայտարարության տեքստի հեղինակները բոլոր երեք ստորագրողն են՝ «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» հաղորդման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահը և  հավելել՝ բոլոր կողմերի համար չափազանց էներգիա խլող գործընթաց էր:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ես ստանձնեցի միջնորդի դերը, լսեցի բոլորի պահանջները, փաստացի հավասարաչափ եռակողմ աշխատանք էր: Հենց այդ օրն է գրվել: Հայաստանը հասել էր մի կետի, որ պետք էր որոշում կայացնել: Կռիվ էր ամեն բառի, կետի, կարելի է ասել՝ ստորակետի համար: Ինչ վերաբերում է բուն տեքստին, դա երեքով ենք արել՝ ես, իհարկե, նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև դա, ըստ էության, երկու կողմի միջև պայմանավորվածություն էր, Ռուսաստանը միայն միջնորդի դերը ստանձնեց:

Այդպես Ռուսաստանի նախագահը պատասխանել է Պավել Զարուբինի դիտարկմանը, թե օրեր առաջ մի ռեպորտաժում հայտնվեցին կադրեր, որտեղ լսվում է, թե ինչպես է Պուտինն ասում, որ կարիք չկա ծանոթանալ տեքստի հետ, քանի որ այն ինքն է գրել: Պուտինը պարզաբանել է՝ դա վերաբերում էր ոչ թե հայտարարության, այլ ստորագրումից հետո իր ելույթի տեքստին:

Վլադիմիր Պուտին - Հայաստանն իրեն մենակ չի զգացել: Վստահեցնում եմ. Ռուսաստանը բազմակողմ և երկկողմ պարտավորությունների շրջանակում, նաև ռազմատեխնիկական գործակցության ոլորտում ամբողջությամբ կատարել է բոլոր պարտավորությունները: Հայաստանն իրեն անտեսված չի զգացել, Ռուսաստանն ամեն ինչ արել է դրա համար:

Կրեմլի ղեկավարը խոսել է նաև ԱՄՆ նորընտիր նախագահին չշնորհավորելու պատճառից, ասել, որ դրա մասին պետք է ամերիկացիները մտածեն, բայց Մոսկվան պատրաստակամ է աշխատել ամերիկացի բոլոր գործընկերների հետ, եթե ընտրության արդյունքը լեգիտիմ լինի: Իսկ վատ հարաբերությունն ավելի վատը դարձնելն այլևս անհնար է:

 

1lurer.am

 

385