Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականը հիդրոլոգիական վիճակագրական տեսակետից, 2020 թվականից հետո եղած ամենաբարենպաստ տարին էր, և 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 22 սանտիմետրով. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Նա ընդգծեց, որ տարեկան կտրվածքով սա վերջին ութ տարիների մակարդակի դրական փոփոխության ամենաբարձր արժեքն է:

Լևոն Ազիզյանը նշեց, որ 2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով բացթողնված ջրի ծավալը եղել է վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը նաև նշեց, որ 2024 թվականի մայիսի 24-ից 26-ը Հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և 25-ից 26-ի լույս գիշերը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի մայիսի 26-ին Դեբետ, Ձորագետ, Տաշիր գետերում դիտված առավելագույն ելքերն առավելագույն էին դիտարկումների ողջ պատմության մեջ, ընդ որում, նմանատիպ հեղեղումների կրկնման հավանականությունը կազմում է ավելի քան 100 տարին մեկ անգամ։

«Ընդ որում, հուլիսի 28-ին Աղստև գետի Իջևան հիդրոլոգիական դիտակետում դիտված առավելագույն ելքը հուլիս ամիսներին դիտված պատմական երկրորդ առավելագույն ելքն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում»,- նշեց նա:

429