
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:
Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:
Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը:
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաեւ ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից: