Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը շարունակում են աշխատանքները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ՝ նպատակ ունենալով այն հնարավորինս արագ հասցնել վերջնական փուլ։

Դեսպանի խոսքով՝ հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ առկա է քաղաքական կամք, և այդ մասին տարբեր մակարդակներում արվել են հստակ հայտարարություններ։

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած վերջին այցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս ընդգծել է ռազմավարական գործընկերության համաձայնագրի կարևորությունը և փաստաթուղթը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է անհրաժեշտ քայլերն ու աշխատանքները ռազմավարական գործընկերության համաձայնագրի ուղղությամբ»,- նշել է Շիրղոլամին՝ հավելելով, որ այս պահին իրականացվում են անհրաժեշտ ուսումնասիրություններ և կազմակերպչական աշխատանքներ։

Դեսպանի խոսքով՝ կողմերը պետք է շարունակեն համատեղ աշխատանքը՝ փաստաթուղթը ամբողջացնելու և վերջնական տեսքի բերելու համար։ Նա նաև նշել է, որ Իրանը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան, որի ընթացքում հնարավոր կլինի ստորագրել համաձայնագիրը։

Շիրղոլամինի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը նոր փուլ կբացի երկու երկրների հարաբերություններում՝ սահմանելով համագործակցության հիմնական ուղղությունները քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում։

167