
«Աննա Գանջանյան անունով ֆեյսբուքյան օգտատերը գրել է, որ ես հերոսի մայր չեմ, ու հիմա ինքը տարբեր էջերում ֆռացնում է իմ նկարը ու գրում է, որ ես անտեղի մարդու եմ վիրավորել, որ ես պիտի Նիկոլին վիրավորեի»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Գալինա Բաբայանը, որը Եռաբլուրում հայտնի տեսանյութում Ռոբերտ Քոչարյանին անիծող կինն է` զոհված Սուրեն Բաբայանի մայրը:
«Իբր փողով ծախված եմ, իբր Սարի թաղից մի կին եմ և երկու աղջիկ ունեմ: Բայց իրականում ես ունեմ երեք տղա: Ընդ որում երկու տղաս էլ նույն օրն են գնացել կռվի դաշտ: Մեծ տղաս` Կյաժը` Սուրենը, նոյեմբերի 6-ին զոհվեց Շուշիի մատույցներում դիպուկահարի կրակոցից»,- ասաց տիկին Գալինան, նշելով, որ ինքը Արմավիրից է և շաբաթը երեք անգամ Եռաբլուր է գալիս որդուն այցելության:
Տիկին Գալինան պատմեց, որ ինքն այդ օրը մոտեցել է Ռոբերտ Քոչարյանին, հարցրել է, թե ուր է գնում: Քոչարյանը տիկնոջը պատասխանել է, որ գնում է բարեկամի գերեզմանին: Երբ տիկին Գալինան հարցրել է` ինչո՞ւ Աղդամի տղերքին տարաք Շուշի, շրջապատման մեջ գցեցիք, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է`գնացեք մեղավորին հարցրեք: Տիկնոջը մոտեցել է Քոչարյանի որդին` Լևոնը, ասելով, որ ինքն էլ է եղել առաջնագծում, բայց տիկին Գալինան ասել է`քեզ հարց չունեմ տալու, ես քո հորն եմ հարցնում:
Տիկնոջը բարկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը քմծիծաղով, արհամարհելով անցել է` չպատասխանելով իր հարցերին: Ինքն էլ անիծել է Քոչարյանին. «Ես յուրաքանչյուրին կտայի այդ հարցը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին»,- ասաց հերոսի մայրը:
Հիշեցնենք` մայիսի 9-ին լրագրող Նանե Արզումանյանը եղբոր շիրիմին հերթական այցի ժամանակ ականատես է եղել, թե ինչպես է զոհվածի մայրը Ռոբերտ Քոչարյանին արգելում մոտենալ զոհվածների շիրիմներին` բղավելով` ատում եմ քեզ, թաղեմ քեզ:
Նանե Արզումանյանը անմիջապես տեսանկարահանել է կատարվածը և տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, ինչից հետո քոչարյանականները հարձակվել են լրագրող Նանե Արզումանյանի վրա` թիրախավորելով անգամ նրա ծնողներին, հնչեցնելով տարատեսակ սպառնալիքներ, օգտագործելով սեռական բնույթի հայհոյանքներ ու բառամթերք:
Նշենք` կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ` դատապարտելով տեղի ունեցածը:
Հայկ Մագոյան