Դեկտեմբերի 22-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՀՀ հիդրոօդերևութաբանական գործունեության մասին օրենքում լրացումներ անելու անհրաժեշտությունը։ Ինչպես նշում են  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փոփոխությունները անհրաժեշտ են ԵԱՏՄ ընդհանուր  կանոնակարգին ներդաշնակեցնելու համար։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձինք մասնագետներ են, որոնց ուղղակի վարձում են և պայմանագրային փոխհարաբերություններ ստեղծում։

Նա նաև փորձեց հասկանալ՝ արդյոք Հայաստանում հիդրոօդերևութաբանական համակարգը ունի  արդիական սարքավորումներ, որոնք ճշգրիտ կանխատեսումներ կանեն։

Խաչատուր Սուքիասյանը առաջարկեց կենտրոնին ուսումնասիրություններ կատարել, թե որ երկիրն է այս հարցում լավագույնը աշխարհում, հասկանալ նրանց կառուցվածքը, արդյունավետությունը, ինչից հետո, անհրաժեշտության դեպքում, Ազգային ժողովը  պատրաստ է ցանկացած փոփոխություն կատարելու, որպեսզի Հայաստանը ևս լավագույններից մեկը լինի՝ ունենալով ամենաարդիական, ամենաճշգրիտ սարքավորումները։ «Մենք պատրաստ ենք բերել ցանկացած օրենսդրական փոփոխություն, մենք ձեզ կաջակցենք։ Պետք է մոնիթորինգ անենք այլ երկրների հետ, որոնք ունեն ժամանակակից սարքավորումներ։ Մենք չենք գիտակցում՝ ունենալով լավ սարքավորումներ, կանխարգելման միջոցով կարող ենք տնտեսել, քանի որ իմանալով եղանակային հնարավոր փոփոխությունները, արդյունքում կարող ենք տնտեսել։ Ցանկացած արդյունավետ առաջարկ բերեք, մենք պատրաստ ենք ընդունել»,- նշեց պատգամավորը։

Նա նաև առաջարկեց, որ կազմակերպությունները, որոնք դուրս են հիդրոօդերևութաբանական կենտրոնից, նրանց ուսումնասիրությունները հավաքել մեկ կենտրոնում, և ամբողջ տեղեկատվությունը վերահսկի մեկ կենտրոն։

 

 

1352