
Գանձակը (հայերեն գանձ բառից. պարսկա-թուրքական հորջորջմամբՙ Գյանջա) գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նահանգում, եւ նրա տարածքը, պատմա-աշխարհագրական առումով, վերաբերում է Հայոց Արեւելից կողմանքին, մասնավորապեսՙ պատմական Գարդմանքին եւ Հյուսիսային կամ Դաշտային Արցախին:
Բնականաբար, Գանձակի վերաբերյալ հիմնական տվյալները հաղորդում են հայկական աղբյուրները: Դրանց վկայությամբ, քաղաքը հիմնադրվել է 846 թվականին եւ շրջապատված է եղել հայկական բազում գյուղերով ու վանքերով: Հատկապես նշանավոր է եղել ավելի վաղ (751 թ.) կառուցված Դասնո վանքը, որտեղ մեծանուն Մխիթար Գոշը գրել է իր «Դատաստանագիրքը»...
12-րդ դարի վերջին եւ հաջորդ հարյուրամյակի սկզբներին Գանձակն իր շրջակայքով ազատագրվել է սելջուկներից եւ ընդգրկվել Զաքարյան իշխանապետության մեջՙ դառնալով, ըստ սկզբնաղբյուրների, հայահոծ, հարուստ եւ ամուր բերդաքաղաք:
Այդտեղից սերված բազում մատենագիրներից ու գործիչներից հիշենք ամենաերեւելիներին. Հովհաննես Սարկավագ Իմաստասեր . աստվածաբան, փիլիսոփա, տոմարագետ, շարականագիր, արվեստի տեսաբան, որ հատկապես առաջ է մղել հայ գեղագիտական միտքը: Խոշոր իրավագետներ Դավիթ Ալավկա Որդի եւ Մխիթար Գոշ , որը նաեւ եղել է հայ առակագրության հիմնադիրը եւ աննախադեպ բարձունքի է հասցրել հայ իրավագիտական միտքը: Նշանավոր պատմիչներ Կիրակոս Գանձակեցի եւ Վարդան Արեւելցի , որոնք որակական նոր աստիճանի են հասցրել միջնադարյան հայ պատմագրությունը...
Գանձակի աստեղային ժամը, սակայն, դժբախտաբար շատ երկար չի տեւել: 1236 թվականին քաղաքն ավերել են թաթար-մոնղոլները: Այդուհանդերձ, շրջակա վանքերում շարունակվել է հայ կրթական-մշակութային կյանքը: Հայտնի են բազում ձեռագիր մատյաններ, որոնք ընդօրինակվել են 14-15-րդ դարերում «ի յերկիրս Գանձակայ»:
16-րդ դարում Գանձակը վերակառուցվել է եւ անցել Սեֆյան Պարսկաստանինՙ որպես առանձին խանության կենտրոնՙ մինչեւ 19-րդ դարի սկիզբը:
1804 թվականից Գանձակն ընդգրկվել է Ռուսական կայսրության մեջ, վերանվանվել Ելիզավետպոլ եւ որոշ ժամանակ անց դարձել համանուն նահանգի կենտրոնը: Այս ժամանակաշրջանում եւս Գանձակում եւ շրջակայքում հայության թիվը գերակշիռ է եղել: Ըստ որոշ վիճակագրությունների, Ելիզավետպոլ-Գանձակի նահանգում ապրել են շուրջ 400 000 հայեր: Գանձակահայությունը շարունակել է իր բեղուն ազգային կրթա-մշակութային կյանքը. գործել են հայկական դպրոցներ, թատերախմբեր, տպագրվել են գրքեր, մամուլ, վերաշինվել են որոշ եկեղեցիներ, կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին...
1918 թվականին, երբ արհեստականորեն կազմավորվեց Ադրբեջանի մուսաֆաթական հանրապետությունը, նրանում ընդգրկվեցին պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր, այդ թվում նաեւՙ Գանձակը: Հատկապես Այսրկովկաս ներխուժած օսման թուրքերի աջակցությամբ, թուրքական նոր պետություն ստեղծելու համար, այդ շինծու երկիրը հանձնվեց նրանց ցեղակից կովկասյան թաթարներին, որոնք այդուհետ կոչվեցին ադրբեջանցիներ...
Ադրբեջանի խորհրդային հանրապետությունն արդեն ոչ միայն իր կազմում հաստատագրեց Գանձակըՙ ողջ Հյուսիսային Արցախով հանդերձ, այլեւ յուրացրեց Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը... Ելիզավետպոլ-Գանձակը վերանվանվեց Գյանջա, ապա Կիրովաբադ (1935), որ դարձավ հանրապետության երկրորդ քաղաքը: Խորհրդային տարիներին այն դեռեւս հայաշատ էր. ուներ շուրջ 40 000 հայ բնակչություն, որ, չնայած ազգային իրավական սահմանափակումներին ու ճնշումներին, շարունակում էր իր կենսագործունեությունը: Հատկանշելի է, որ քաղաքի մի շարք կառույցներ ստեղծվել են հայ ճարտարապետների նախագծերով: Ունեցել է հայկական դպրոցներ, մամուլ. 1935-1949 թվականներին գործել է հայկական թատրոն...
1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան ազատագրական հզոր շարժումը, Սումգայիթից հետո զանգվածային հարձակումների ենթարկվեցին նաեւ Կիրովաբադ-Գանձակի հայաբնակ թաղամասերը. սկսվեցին ջարդեր ու ավերումներ: Միայն լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ տեղի հայության մեծագույն մասը խուսափեց ֆիզիկական ոչնչացումից եւ տեղափոխվեց Հայաստան ու Արցախ: Հայոց Գանձակը լիովին հայաթափվեց, եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի ազատագրումից հետո, արդեն ըստ ամենայնի թուրքացած եւ կրկին Գյանջա վերակոչված Գանձակում ու նրա շրջակայքում, ինչպես առհասարակ Ադրբեջանի բոլոր բնակավայրերում, պետական ծրագրերով սկսեցին վերացնել նաեւ բոլոր հայկական հետքերը...